Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ըստ քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պատասխանատուի՝ Երևանում փոշու հետ կապված ամեն ինչ նորմայի շրջանակում է, եզակի բացառությամբ, քաղաքապետն էլ տեղեկացված էր, որ օգոստոսին տեղումները քիչ էին, ինչն էլ բացառությունների պատճառն էր։
Հարգելի պարոն Ավինյան, առաջարկում եմ միասին, ինչպես նաև Բնապահպանության վարչության պետի և ավագանու այլ գործընկերներիս հետ, շրջել ՀՀ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի բոլոր դրույթները խախտած շինհրապարակներ, միգուցե մասնագիտականս (կոմունալ հիգիենա և հանրային առողջություն) տասնյակ հարցերը տեղում կարգավորվեն։
Մեջբերում ՀՀ ՕՐԵՆՔԻՑ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների՝ շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները և քաղաքացիները դրանք իրականացնելու ընթացքում ՊԱՐՏԱՎՈՐ են`
ա) պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով.
բ) շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալ.
գ) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով.
դ) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս.
ե) հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ.
զ) սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով.
է) շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով:
Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում»։