Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում 5 երիտասարդներ հարձակվել ու մետաղական գլխիկով ձեռնփայտով դաժան ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացի Աղվան Աղամելյանին, ով երկու ամիս առաջ էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենում ՝ «Цветной бульвар» կայարանում:
ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել տուժողի հետ, ով մանրամասներ է ներկայացրել միջադեպի մասին:
«Մետրոյում մոտեցան ինձ և սկսեցին վիրավորել: Երբ պատասխանեցի, նրանցից մեկը երկաթե ձողով հարվածեց ձեռքիս: Ձեռքից վերցրեցի ու մի կողմ նետեցի, բայց այդ պահին ինչ-որ մեկը վերցրել է ու հարվածել գլխիս: Այլևս ոչինչ չեմ հիշում»:
Արդյունքում՝ Աղվանը գլխուղեղի վնասվածք է ստացել՝ ճակատային հատվածում խորը բացվածքով:
Մեղավորները դեռ չեն հայտնաբերվել:
Աղվանի խոսքով՝
«Ոստիկանությունը հիմնվում է ականատեսների պատմածի վրա: Ստեղծվել են ֆոտոռոբոտներ: Դեռ չեն հայտնաբերել մեղավորներին, սակայն երեկ ինձ զանգահարեցին ու ասացին, որ հույսս չկտրեմ, շուտով կգտեն»: