ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ։
2018թ. օգոստոսի 4-ին` ժամը 18:40-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի հարևանությամբ՝ լճի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել հայտնաբերված դիակի ինքնությունը. վերջինս հանդիսանում է Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 1999թ.: Դեպքի վայրի քննությամբ հայտնաբերվել է տետր՝ ռուսերեն գրառումներով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 19-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող:
Նախնական քննությամբ պարզվել է, որ երիտասարդ աղջիկը դեպքի օրը՝ վաղ առավոտյան, զանգահարել է իր նախկին ծանոթին և հայտնել ինքնասպանություն գործելու մտադրության մասին:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 19-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: