Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանի երկու հայտարությունների /կարծես թե Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ը ճանաչելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու կամ թուրք-ադրբեջանական օկուպացիայի թեմայով ասածները ընկալվել են/ դեմ ընդվզող հայրենակիցներին հղում եմ մի քանի հարց.
1. 2003-2004թթ.-ից ի վեր, եւ հատկապես «Մադրիդյան առաջարկները» պաշտոնապես կողմերին հանձնելուց հետո բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական /բայց հավաստի/ հայտարարություններում առանձին կետով խոսվում է ԼՂ /իմա` ԼՂԻՄ/ «հարակից տարածքների» վերադարձի, ինչպես նաեւ դրանցից տեղահանված ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին: Ոչ մի խոսք չկա ադրբեջանահայերի վերադարձի իրավունքի մասին: Հարց. ինչո՞ւ այսպիսի փոթորիկ չի բարձրացել դրա կապակցությամբ, հատկապես երբ պաշտոնական Երեւանը ասել է, որ այդ սկզբունքները կարող են հիմք ընդունվել խնդրի լուծման տարբերակի մշակման համար:
2. Հայաստանը երբեք բանակցային փաթեթի մեջ չի առաջադրել ավելի քան 400.000 հայ փախստականների խնդիրը: Հարց. ա/ թքած ունե՞նք այդ մարդկանց անհատական ու խմբային իրավունքների վրա, բ/ եթե այո, ապա պետք է հստակ ասել, որ բոլոր տեսակի փախստականների իրավունքներն ու խնդիրները պետք է երկուստեք հանվեն օրակարգից, այսինքն` մերժում եւ չենք ճանաչում, որ հակամարտությունը այդպիսի հետեւանք ունի, ու այդ մասին ազնվորեն ասում են մեր փախստականներին, գ/ եթե ոչ, ապա ինչպե՞ս բանակցային օրակարգի մաս դարձնել հայ փախստականների իրավունքները` միաժամանակ թույլ չտալով, որ բանակցային գործընթացում ճանաչվեն ադրբեջանցի փախստականների կամ տեղափոխվածների իրավունքները:
3. Եթե Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե այնտեղ ապրում են 30.000 հայեր, ապա ինչպես հայտարարել բլոտից հայտնի «քուանշը»` չեմ հավատումը. ա/ պարզապես մղկտալ, թե այդպիսի բան չկա, բ/ ասել` աչքս տեսնի, բերեք ցույց տվեք գ/ լռել, ինչպես որ արել ենք, ու թողել, որ Ադրբեջանը ամեն առիթով կամ անառիթ պնդի, որ այնտեղ հայեր, հայկական համայնք ու կյանք կա:
ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան էջից