Երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն եւ ներսում հայտնաբերել տղամարդու դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ահարոն Կարապետյանն է: Վերջինիս եւ մեկ այլ անձի միջեւ «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել գետնին՝ գլուխն հարվածելով պատին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը հանրապետությունում ճանաչված վիրաբույժներից էր: Աշխատում էր թիվ 6-րդ հիվանդանոցում՝ որպես գլխավոր վիրաբույժ, մեծ հարգանք էր վայելում աշխատանքի վայրում եւ ընկերական շրջապատում ու նրա շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում