1in.am-ը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա երիտասարդի կողմից իրենց տանը կացնով մեկ այլ տղամարդու ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները։
Նախաքննությամբ պարզվել է, որ 26-ամյա երիտասարդը տուժած տղամարդու հետ ծանոթացել է 2015 թվականի հունվարի 22-ի ուշ երեկոյան՝ աշխատանք գտնելու ակնկալիքով, և միասին գնացել իրենց տուն՝ ընթրելու։ Ընթրիքին ներկա է եղել նաև երիտասարդի մայրը։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, ըստ քննության տվյալների՝ 2015թ-ի հունվարի 23-ին՝ ժամը 00:10-ից մինչև 02:55-ն ընկած ժամանակահատվածում տանը երեքով ընթրել են, օգտագործել օղի, որից հետո տղամարդը խնդրել է երիտասարդին թույլ տալ առանձնազրույց ունենալ նրա մոր հետ։
Բակում գտնվելու ընթացքում 26-ամյա տղան լսել է, որ տղամարդն իր մորն անպարկեշտ առաջարկություն է արել, ինչից բարկացել է, մտել տուն, մուտքի մոտ դրված կացնի բութ հատվածով հարվածել տղամարդու գլխի գագաթային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ գլխի գագաթային ներհրված կոտրվածք՝ սուբարախնոիդալ արյունազեղման ձևով: Ապա զանգահարել է շտապօգնություն և ոստիկանություն։
Մինչ դատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում