Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բացահայտել են առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու եղանակով խոշոր չափի ավազակային հարձակման դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հուլիսի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Էմինեսկու 2-րդ փողոցի 19-րդ տանը մահացած կին կա: Պարզվել էր, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Անյա Մուսայելյանն էր: Ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել էր, որ կինը մահացել է խեղդամահ լինելու հետևանքով: Նույն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանություն) և 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ տեղեկությունների հիման վրա այսօր Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ–Զեյթունի ոստիկանները Լոռու մարզի Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 23 շենքից Երևան են տեղափոխում 25-ամյա Արթուր Շահինյանին: Սկզբում Ա. Շահինյանը փորձում է արդարանալ ու «լոլո կարդալ», որ ինքը անմեղ է և կատարվածի հետ կապ չունի, սակայն նա չգիտեր, որ ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ սպանությունից հետո ու ավազակային հարձակման եղանակով հափշտակած գումարն ու ոսկեղենը վերցրել է և մի մասը վաճառել է Խորենացու փողոցում գործող ոսկու շուկայում, իսկ ոսկյա իրերի մի մասն էլ գրավադրել է լոմբարդում՝ իր անունով, և այդ ամենը հաստատող փաստերն արդեն ոստիկանների ձեռքում են: Ստահակը վաճառված ոսկեղենի գումարի մի մասով էլ Նուբարաշենի խճուղում գործող ավտոշուկայից գնել էր BMW մակնիշի ավտոմեքենա: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ա. Շահինյանը նախկինում ծառայել է խաղաղապահ զորքերում, իսկ հանցագործությունը կատարելուց առաջ դարանակալել էր սպանվածի սեփական տան բակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Շահինյանը թաքնվում էր Ախթալայում իր աներոջ տանը, որտեղ էլ հայտնաբերվել է նաև BMW մակնիշի ավտոմեքենան, և եթե ոստիկանությունը օպերատիվորեն չգործեր, նա պատրաստվում էր լքել Հայաստանը, քանի որ լուծել էր ելքի վիզայի հարցերը:
Առավել մանրամասն` այստեղ