▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Թարմացված․ ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս:
Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:
Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինս ավելի վաղ դուրս է գրվել հիվանդանոցից։
Հարցաքննվել է նաև ռազմագիտության ուսուցիչը։
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից օդամղիչ հրացանն առգրավվել է անհրաժեշտ հնարավոր ապացուցողական, վարութային գործողություններ կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվել կատարվածի հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակից անձանց գործողություններին իրավական գնտահատական տալու նպատակով։
Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ ՀՐԱԶԵՆԻ կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։
Մնացածը՝ ըստ նշանակված փորձաքննության արդյունքների»։

Հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ nերքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության է դիմել մի աշակերտ, ով ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել է մարմնական վնասվածք։

Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ երեխան «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի և Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։

Ոստիկանները պարզել են նաև, որ նրան մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում՝ դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее