▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ԴՕԿ կուսակցությունը որոշեց մասնակցել Գյումրու ընտրություններին, հայտնվեց ձայները մսխող 14 կուսակցություն. Խուդավերդյան

Ավելի քան մեկ ամիս Է Գյումրին անիշխանության է մատնված։ Գյումրիի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո՝  որպես քաղաքապետի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր»-ը սկզբում հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին է տեսնում, այնուհետեւ ժամանակավոր պաշտոնակատար դարձավ անկուսակցական Սարիկ Մինասյանը՝ ընդամենը 253 քվեով, որից հետո էլ դարձավ ՔՊ կուսակցության անդամ: Այսպիսով՝ այլեւս փաստ է, որ Գյումրիում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ՝ 2025 թվականի մարտին, որին մասնակցելու հայտ ներկայացրած առաջին քաղաքական ուժը եղել է ԴՕԿ կուսակցությունը: Իսկ թե ո՞վ է կուսակցության քաղաքապետի թեկնածուն դեռ փակագծեր չեն բացում: Այս մասին «Իրավունք» զրուցել է ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանի հետ:

— Ինչպես արդեն գիտենք, ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերներից, քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: Ինչպե՞ս կգնահատեք կուսակցության հաղթելու շանսերը:

— Առհասարակ, Գյումրին 125.000 բնակչությամբ քաղաք է, սակայն այս պահին շատերը արտագնա աշխատանքի են մեկնել եւ ընտրություններին մասնակցելու են 65.000 ընտրող: 14 կուսակցություն ներկայացրել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ, սակայն ԴՕԿ կուսակցությունը եղել է առաջինը, թեկուզ հեռակա կերպով՝ Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերների միջոցով: Հետաքրքիրն այն է, որ երբ պարոն Ղուկասյանը հայտարարեց մասնակցության մասին, սնկի նման հայտնվեցին մնացած կուսակցությունները: Արդեն պարզ է դառնում, թե ինչու՝ ձայներ մսխելու նպատակով: Սակայն, դա բացարձակ մեզ չի խանգարում, հակառակը՝ մենք առավել քան երբեւէ հակված ենք հաղթանակի: Ես հաճախ եմ այցելում Գյումրի, հանդիպում բնակիչների հետ ու, գիտեք, դա նոր չենք անում, մենք միշտ ենք եղել ժողովրդի կողքին, կիսել նրանց ցավը, զբաղվել հիմնախնդիրներով: Եվ հերթական այցելության ընթացքում պարզ բան եմ արձանագրել՝ գյումրեցին սթափ է դատում իրականությունը՝ լավ գիտակցելով, թե ով է իրական ընդդիմությունն ու ժողովրդի համար հոգ տանող անձը: Պիտի ասեմ, որ ունենք մեր համախոհների մեծ բանակ, կուսակից ընկերներ եւ շատ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են անդամագրվել մեր կուսակցությունում, որը նաեւ կատարվում է օնլայն հարթակով: Նաեւ ասեմ, որ գյումրեցու խնդիրները շատ-շատ են: Տարիներով ոչինչ արված չէ: Կան բնակարաններ, որտեղ կան բազում խնդիրներ, որը հենց քաղաքապետարանի լուծելու հարցն է եղել, սակայն այդպես էլ չլուծված են մնացել: Ասեմ ավելին՝ կան թաղամասեր, որ անգամ ոչ մի պատկան մարմին ոտք չի դրել:

— Իսկ ինչպե՞ս կգնահատեք ՔՊ-ի շանսերն՝ արտահերթ ընտրություններին, երբ իրենց անկացրացած նախնական ներքին ընտրության արդյունքում ընտրվում է մեջներից անկուսակցականը:

— ՔՊ-ն վեց տարի աշխատել է նաեւ Գյումրիում, գյումրեցին այս տարիների ընթացքում ՔՊ-ից, նրա աշխատանքից դժգոհ է: Այս ընթացքում, երբ դեռ չկար քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Վարդան Ղուկասյանն էր հորդորում աղբահանության հարցը հրատապ լուծել: Ողջ Գյումրին աղբի մեջ էր մնացել: Ինչպես նաեւ «Սանիթեք»-ի աշխատակիցների գումարների հետ կապված խնդիրներ էին առաջացել: Այդ ողջ ընթացքում ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն է լուծել այդ հարցերը՝ քաղաքը մաքրվեց աղբակույտից, իսկ աշխատակիցները ստացան իրենց հասանելիք աշխատավարձերը: Ի դեպ, պետք է ասել, որ աղբահան մեքենաների վառելիքը հատկացրել էր «Ֆլեշ» ընկերությունը՝ Բարսեղ Բեգլարյանը՝ Վարդան Ղուկասյանի հորդորով: Դեռեւս առանց թղթաբանության, սակայն արդեն կա ժամանակավոր պաշտոնյա եւ թղթաբանության հարցը ընթացքում կլուծվի: Գիտեք, գյումրեցին արդեն շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում Գյումրու ներսում: Բոլոր կառույցները, խանութները, հյուրանոցները, հիվանդանոցները պատկանում են մի քանի անձի: Մենաշնորհ են դարձրել Գյումրին ու վաճառել մի քանի ընտանիքների, որոնք ժամանակին եղել են տարբեր կուսակցություններից, իսկ հիմա էլի պատրաստ են կուսակցություն փոխել ու առաջադրվել:

— Ըստ Ձեզ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների ճանապարհով: Սա գլխավոր փո՞րձն է՝ սեփական հնարավությունները ստուգելու՝ գալիք համապետական ընտրություններին ընդառաջ:

— Այո, իհարկե: Եվ սրանով է պայմանավորված, որ պարոն Ղուկասյանը, երբ հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին, դաշտ մղվեցին իշխանության քույր 14 կուսակցություն՝ դիտավորյալ ձայներ մսխելու համար: Կարծես, վեխենում են Վարդան Ղուկասյան եւ ԴՕԿ կուսակցություն անունը լսելուց: Ի դեպ, եթե չվախենային, չէին բարդացնի ու անհիմն չէին մերժի մեզ նաեւ բանկերը: Շաբաթներ շարունակ դիմել եմ տարբեր բանկերի, որպեսզի հաշվեհամար բացեմ կուսակցության համար, ինչն օրենքի սահմաններում է եւ ցանկացած կուսակցություն պիտի ունենա հաշվեհամար: Ինձ տասնյակ բանկեր մերժում էին՝ առանց հիմնավոր պատճառների: Անշուշտ, ես ձեռքիս տակ ունեմ գրավոր պատասխանները,՝ գալիք ապագայի համար, որ ապացուցեմ ու պահանջեմ մերժման իրական պատճառը: Պարզ է չէ՞, որ հրահանգ է իջեցվել մեզ մերժելու:

— Բոլորովին վերջերս Էջմիածնում եւս ունեցաք հանդիպումներ քաղաքացիների հետ:  Ի՞նչ նպատակ ուներ այդ հանդիպումը:

— Բնակիչների խնդրանքով գնացինք Էջմիածին, հանդիպեցինք քաղաքացիների հետ, ովքեր եւս ներկայացրեցին առկա խնդիրները, որոնցով տարիներ ի վեր ապրել են: Էջմիացնում մեծ սրահ գտնելը դժվար էր, եւ ստիպված կարողացանք մի այնպիսի սրահ գտնել, որտեղ տեղավորվեց 150-200 մարդ, սակայն այցելուներն այնքան շատ էին, որ դրսում սպասում էին հանդիպմանը: Այդ հանդիպման ընթացքում մենք բաժանեցինք 75 անդամատոմս, իսկ մնացածը պետք է մոտ օրերս հանձնենք: Մեր ծրագրերում կար նաեւ այցելություն դեպի Վանաձոր, սակայն Գյումրու այս ՏԻՄ ընտրությունների պատճառով ֆիզիկապես ժամանակ չի լինում, սակայն մոտ ապագայում Վանաձոր կայցելենք, կհանդիպենք բնակիչների հետ, կբաժանենք անդամատոմսերը, եւ կփորձենք հնարավորության սահմաններում օգնել մեր հայրենակիցներին, պարզապես, հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է Գյումրու վրա: Ի դեպ, Էջմիածին այցելելու ընթացքում հանդիպեցինք պատերազմի մասնակից մի երիտասարդի, ով ուներ բազում առողջական խնդիրներ: Նա ունի 4 երեխա եւ ապրում է չափազանց անմխիթար վիճակում գտնվող բնակարանում: Պարոն Ղուկասյանն այդ հարցը վերցրեց իր պատասխանատվության տակ եւ անմիջապես հրահանգեց լուծել բնակարանի հարցը, ինչպես նաեւ հանդիպեցինք մի զինծառայողի մոր, ում երկու ոտքերն անդամալույծ էին: Վարդան Ղուկասյանը եւս լուծեց այդ կնոջ երկու ոտքերի պրոթեզավորման հարցը, որը ընդհանուր կազմեց մոտավորապես 700.000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее