▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ ասում ես երկու աղջիկների սիրո պատմություն` միանգամից անկողին են հասկանում». Ռուբեն Քոչար

Հուլիսի 14-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարի «Իմ անունը Վիոլա է» ֆիլմի ցուցադրությունը: ASEKOSE.am-ի թղթակիցը ռեժիսորի հետ զրույցում քննարկել է հոգեբանական այս դրամայի առանձանահատկությունները, հերոսուհու` ազատության հասնելու գաղափարը:

 

-Ինչպե՞ս  ծնվեց  ֆիլմի ստեղծման գաղափարը:

-Նախ սկսվեց այն բանից, որ սա առաջնային հարցն է, և  ոչ այս կողմ, ոչ այն կողմ, երկու աղջիկների կյանքի պատմություն: Եթե անկեղծ ասեմ, դա նույնը կարող էր լինել երկու տղաների պարագայում, բայց այս դեպքում կանանց հարցը այնքանով էր ավելի սուր, որ այսօր աշխարհում տեսնում ենք կանաց մեջ ազատություն, համարձակություն, այսինքն կանանց ավելի շատ հարցերով ենք դիմում և ուշադրություն դարձնում: Կանանց միջոցով մտքեր փոխանցելը դառնում է ավելի հեշտ, մի նոր թեմա էլ է ասվում դրանով: Ֆիլմը դիտելուց հետո ինչ էլ որ տեսնեք, զգաք կանանց նկատմամբ, դա ես նույնը կանեի տղամարդկանց հետ կապված, ուղղակի տղամարդկանց հետ դա ավելի գեղարվեստական չէր լինի: Հեշտությամբ այս պատմությունը մենք կարող ենք փոխանցել երկու տղամարդկանց միջոցով: Այս  ֆիլմը երիտասարդ անձնավորության մասին է, կապ չունի` աղջիկներ են, թե տղաներ:Կարծում եմ, որ ֆիլմը իր մեջ կունենա ուսուցողական հասկացողություն: Եվ արվեստի յուրաքանչյուր գործ իր մեջ պետք է ունենա ուսուցողական, դաստիարակչական բնույթ: Իմ ֆիլմի գլխավոր հաղորդագրությունն այն է երիտասարդությանը, որ «երբեք մի նախանձիր դիմացինիդ, մի կարծիր, թե  նա քեզնից ավելի լավ է ապրում, մի կարծիր, որ նա ավելի գեղեցիկ է»: Յուրաքանչյուր ոք ունի իր «դարդը», իր խոհերը կյանքի նկատմամբ: Երբեք դիմացինին չպետք է տեսնել ինչպես իդեալական, լավ ապրող մարդու:  Գեղեցիկ է, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչն է քո հերոսը:

 -Այժմյա երիտասարդության ազատության  մասին կխոսեք:

- Խոսել երիտասարդության, նրանց կյանքի մասին` դա արդիական թեմաներից մեկն է: Նախ որպեսզի հասկանանք, թե որքանով ենք ազատ, պետք է կարողանանք հասկանալ,թե  ինչ բան է ազատություն, որի ձևակերպումը շատ դժվար է տալ: Ազատությունը շատ հարաբերական  հասկացություն է: Ինձ համար կա մի ձևակերպում ազատության վերաբերյալ, դա այն է, որ ազատությունն այն է, ինչ-որ չի ուզում անել մարդ, որովհետև երբ մարդ ուզենա անել իր ուզածը, դա ազատություն չէ:  Երբ երիտասարդներից շատերը կարծում են, որ իրենք փողոցում ենթադրենք բղավում կամ  մերկ քայլում են ու ասում,որ  ազատ երկիր է, ապա սխալվում են: Ես արդեն ասացի, թե ինչ բան է ազատությունը: Երբ երիտասարդները դիտեն ֆիլմը, նրանք իրենց էլ կտեսնեն այդ կերպարում: Թեկուզ և շատ-շատերը կասեն, որ իրենք այդպիսին չեն, կհրաժարվեն այդ մտքից: Դրանով ես չեմ քննադատում երիտասարդներին: Երբ ասում ես երկու աղջիկների սիրո պատմություն`շատերը  միանգամից  անկողին են հասկանում: Ո՛չ, դա աղջիկների ընկերության մասին է, չէ՞ որ ընկերությունը նույնպես սեր է:

 -Ինչպե՞ս է կատարվել դերասանների ընտրությունը: Հե՞շտ էր արդյոք աշխատել ոչ հայերեն լեզվով խոսող ամերիկահայ դերասանների հետ:

-Դերասանների ընտրությունը ամենադժվարին մասն էր, և մեկ տարի շարունակ փնտրեցինք դերասաններ, և կարծում էինք, որ մինչև չգտնենք համապատասխան դերասաններ, մենք չենք նկարի այդ ֆիլմը: Երկար փնտրելուց հետո Հայաստանում մեր դերասաններին` չստացվեց նրանցից ընտրել Վիոլայի կերպարին, քանի որ ֆիլմում կան մի փոքր բաց տեսարաններ: Նրանք կարծում էին, որ դա էր խոչընդոտում իրենց մասնակցությունը ֆիլմում: Ես կարծում եմ,որ իրենք փողոցում ավելի բաց հագուստով են զբոսնում, քան ֆիլմումպետք է  նկարահանվեին: Ֆիլմի հերոսուհուն` Լուսինե Ալեքսանյանին պատահմամբ հանդիպեցինք փողոցում, ով ընդհանրապես կապ չուներ դերասանի մասնագիտության հետ: Բայց մենք զրուցեցինք նրա հետ, փոխհամաձայնության գալուց հետո էլ սկսեցինք նկարել արդեն ֆիլմը: Մյուս հերոսուհին ամերիկուհի է, մյուսներն էլ ֆրանսուհիներ, ովքեր իրենց հոգու խորքում ունեն հայի արյուն: Նրանք միմյանց հետ շփվում էին անգլերեն լեզվով, իհարկե դա ևս իր դժվարություններն ուներ: Բայց Փառք Աստծո, նրանք կարողացան իրար հասկանալ և ստացվեց ամեն ինչ բարեհաջող ավարտին հասցնել:  

 -Ըստ Ձեզ, ի՞նչը հաջողություն  բերեց  ֆիլմին:

-Երբ ֆիլմի պրոդյուսերը հայ չլինելով`դիտեց ֆիլմը, այնքան էր հավանել, որ ցանկություն հայտնեց նկարել Վիոլայի երկրորդ մասը նույնիսկ, որ այս ֆիլմով այնքան անպատասխան հարցեր են առաջ եկել, որ միայն  այս ֆիլմով խոսում ենք այդ հարցերի մի փոքրի մասին` հետևում  թողնելով շատ ու շատ հարցերի պատասխաններ:  Դա էր ինձ համար մեծ հաջողություն կարծում եմ: Բայց իմ կարծիքով, եթե նկարենք նոր ֆիլմ, գուցե լինի Վիոլան մեծ տարիքում (ժպտում է): Այն, որ ֆիլմն արդեն իր ավարտին հասցված է, դա էլ է համարվում հաջողություն:

 -Ո՞րն  է  ֆիլմի գլխավոր ասելիքն ու նպատակը:

-Սերը, չնախանձելը, նաև բնության և մարդու հարաբերության մասին է, որ  մարդը բնության ծնունդն է: Մարդու միակ փրկությունը դա բնությունն է, սերը դեպի բնություն:

  -Ինչ ազդեցություն է թողնում ֆիլմը երիտասարդության վրա:

-Կարծում եմ, որ կսիրեն, շատերը կըմբոստանան, որ իրենց կտեսնեն այդ ֆիլմում, մասնավորապես շրջաններից եկած աղջիկները, որովհետև իրենց մասին շատ կոնկրետ և շատ չոր է ասվում հայկական ժողովրդական ասացվածքներից մեկում,որը հիմա չեմ ուզում ասել…:

 Ոսկե  ծիրանի»   համար  այս  տարին  հոբելյանական  է.   10-րդ   «Ոսկե ծիրանն»   ինչո՞վ   կտարբերվի  նախորդներից:

-Իմ ֆիլմը ներկայացված չէ «Ոսկե ծիրանին», սա ուղղակի ֆիլմի շնորհանդեսն է այս փառատոնի շրջանակներում կազմակերպված առաջին անգամ Հայաստանում: Ես «Ոսկե ծիրանին» ֆիլմեր չեմ ներկայացնում, դա մեկ այլ թեմա է, որի մասին չեմ ցանկանա խոսել: Ես չեմ մասնակցում փառատոնին, դա չի նշանակում, որ ես չեմ ընդունում «Ոսկե ծիրանը»:Ո՛չ, ես  ողջունում եմ այդ  փառատոնը, որը կա և շատ ուրախ եմ այդ փաստի համար: Եվ քավ լիցի, որ ֆիլմը չեմ ներկայացրել այս փառատոնին:

 -Ո՞րն  եք  համարում  փառատոնի  ամենամեծ  ձեռքբերումը 10 տարիների ընթացքում:

- Փառատոնը զարգանում է գնալով: Գնալով անուն է ձեռք բերում, և այս փառատոնի կազմակերպիչները կտեսնեն իրենց բացթողումներն ու թերությունները, ճիշտն ու սխալը: Կուզենայի, որ «Ոսկե ծիրան» փառատոնի քննադատությունները լինեին առողջ, օգնող, մտքեր արտահայտող, որովհետև այս փառատոնը մեր ազգայինն է, որը պետք է էլ ավելի զարգացնել: 

 

Հարցազրույցը`  Երվանդ  Մարեյանի

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее