Զինծառայող Սարգիս Մանուկյանի էլեկտրահարվելու և մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետին:
Զինծառայողի էլեկտրահարվելու դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը՝ անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Վերջինս Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար, նշանակվել փորձաքննություններ։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Յավրիյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, կապիտան Հրաչ Խանոյանը, պարտավոր լինելով ապահովել և վերահսկել բաշխիչ սարքվածքի սենքերում (էլեկտրական կայանի) դռների և լուսամուտների մշտական փակ լինելը, չեն կատարել իրենց վրա դրված նշված պարտականությունները, ինչնել էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Այն է՝ 4-րդ պահակակետի տարածքում վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մանուկյանը 2016թ. մարտի 30-ին` ժամը 18:14-ին, բաց դռնով անարգել մուտք է գործել տրանսֆորմատորային ենթակայանի բաշխիչ սարքվածքի սենքի տարածք, դիպել 3,468 ԿՎ լարման տակ գտնվող «Ֆազային» հոսանքատար մասին, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և մահացել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Յավրիյանին և Հ. Խանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Էլեկտրահարվելու հետևանքով զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրամանատարի տեղակալին և ծառայության պետին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet