Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենտլի» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու միջոցով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին