ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 10 անձ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ ծրագրով հայաստանյան կազմակերպություններից մեկին՝ «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությանը, հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որոնց արդյունքում բացահայտվել են չարաշահումների այլ դրվագներ ևս։ Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բացի վերոնշյալ ծրագրից, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթներին այլ հասարակական կազմակերպությունների անուններից նույնպես ներկայացվել են հայտեր, որից հետո պայմանագրերով նախատեսված աշխատանքները փաստացի չեն կատարվել, իսկ դրանց հիման վրա ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակվել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար 8 անձի՝ Տիգրան Սուքիասյանին, Գևորգ Ղազարյանին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին, Արմեն Բարեղամյանին, Անահիտ Ավագյանին, Սերգեյ Բալասանյանին, Դինա Մանուկյանին, Կարեն Ստեփանյանին առաջադրվել են մեղադրանքներ, ևս երկու անձի՝ Հրայր Գյոնջյանին և Գարիկ Չիլինգարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քրեական գործով նշանակվել է դատահաշվապահական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննություն։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դրամաշնորհներից կատարված հափշտակությունների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet