ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ Դավթաշենում մահվան պատճառ դարձած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի երեկոյան Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ Ա.Եփրեմյանը՝ ծնված 1997թ. և Ն.Եփրեմյանը՝ ծնված 1985թ։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի, ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղինձե գալարներով:
Վերցվել են փորձանմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-հետքաբանական փորձաքննություններ:
Նախաքաննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: