Դա Հայաստանի ոչ բարեկամական քայլերից մեկն է․ Զախարովան՝ «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին
Մենք տեսել ենք «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման թեմայով Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցում է ուղարկվել գերատեսչական գծով: Դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել: Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կընդունվեն միջգերատեսչական մշակումներից հետո: Հարկ է նշել, որ հիշյալ մեկնաբանությունն արվել է պաշտոնական Երևանի կողմից մի շարք ոչ բարեկամական քայլերից և հայտարարություններից հետո: Նման հայտարարությունները չեն բխում Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից»,- ասել է Զախարովան:
Թարմացված․ Մենք երբեք կասկածի տակ չենք դնի ցանկացած պետության` իր ներքաղաքական կուրսը դրսևորելու ինքնիշխան իրավունքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարության հայտարարությունները: «Մեզ չի կարող չմտահոգել Հայաստանի ղեկավարության անարդյունավետ, երբեմն վիրավորական հռետորաբանությունը: Մենք առաջարկել ենք Հայաստանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել: Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց այլ միջոցներ: Հորինում էին, թե ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանից: Հետո սկսեցին վիրավորել և նսեմացնել, ինչը հատուկ չէ հայ հասարակությանը: Հետո որոշեցին ԵՄ առաքելություն հրավիրել, որը ոչ այնքան պաշտպանում է Հայաստանի սահմանները, այլ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հարևան պետությունների դեմ, օրինակ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի: Հիանալի հասկանում ենք արևմտյան երկրների կողմից մեր հայ գործընկերների վրա ճնշումները: Եթե Երևանը շարունակի նման կուրսը, անդառնալի վնաս կհասցվի մեր դաշնակցային հարաբերություններին»,-ասել է Զախարովան: |