Lenta.ru-ի հատուկ թղթակից Իլյա Ազարն անդրադարձել է Հայաստանի հետընտրական գործընթացներին, զրուցել հայ փորձագետների ու քաղաքական գործիչների հետ։ Հոդվածը ռուսերենով մենք ներկայացրել էինք երեկ. այսօր, Թերթ.am-ը թարգմանաբար հրապարակել է հոդվածը, որը կարող եք կարդալ նաև ստորև.
Պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին պարտվելով ՝ հայ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը չհրաժարվեց պայքարից։ Նա Սերժ Սարգսյանին մեղադրեց ընտրությունները կեղծելու համար և Երևանում հանրահավաքների շարք իրականացրեց։
Փողոց դուրս եկավ մի քանի հազար մարդ, որոնց ընդդիմադիրը չկարողացավ տալ գլխավոր հարցի պատասխանը՝ ի՞նչ անել հետո։
Лента.ru -ն պարզել է, թե ինչպես Հովհաննիսյանին չհաջողվեց լուրջ մրցակից դառնալ գործող նախագահին և ինչու «privet-ռեվոլյուցիան» չկայացավ։
«Բարև Հայաստան» բացականչեց մի տղամարդ՝ պարզելով բռունցքը։ «Հա-յաս-տան» վանկարկեցին տասնյակ երիտասարդներ։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կիրակի՝ փետրվարի 24-ին, կանգնել էր Երևանի օպերայի (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն-) աստիճաններին, իսկ նրա վզին, ինչպես միշտ, սիրելի կապույտ շարֆն էր։
Րաֆֆին (Հայաստանում սիրում են քաղաքական գործիչներին անուններով կոչել) խոսեց գրեթե կես ժամ, և Ազատության հրապարակում հավաքվածները լսեցին շատ գեղեցիկ խոսքեր։
Նա ժողովրդին կոչ չարեց գնալ ու գրավել նախագահականը, որում 5 տարի է նստում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Սերժ Սարգսյանը, այլ հայտարարեց փետրվարի 28-ին կայանալիք նոր հանրահավաքի մասին։
Րաֆֆիի ելույթը լսելու համար օպերայի մոտ (որտեղ 1980-ականների վերջին ծնվեց Հայաստանի անկախության շարժումը) եկել էր ոչ միայն նրան հավատարիմ ակտիվը, այլ նաև շատ երևանցիներ, որոնք չեն համակրում իշխանություններին և Սերժ Սարգսյանի մրցակցից վճռական քայլեր էին սպասում։
Քաղաքական գործչի ելույթի վերջին չսպասելով, նրանք հիասթափված սկսեցին լքել հրապարակը։ Սենսացիոն 37% հավաքած Րաֆֆին չարդարացրեց նրանց հույսերը և հայտարարված «privet revolusion»-ից (barevalution տերմինն այդպես է թարգմանել Րաֆֆի Հովհաննիսյանը) մնաց միայն բարևը։
Անսպասելի հայացք
Հովհաննիսյանը քայլում է փողոցում և անձամբ բարևում յուրաքանչյուր ընտրողի՝ այդ ընթացքում լայն ժպտալով. դա դարձավ նրա հիմնական «ֆիշկան» նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Դժվար է ասել՝ որքան ձայն կստանար Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների ընթացքում (2012թ.-ին նրա կուսակցությունը հազիվ անցավ խորհրդարան, և Րաֆֆիին սկզբում ոչ ոք չէր հավատում. ասում է «Ընտրակեղծիքների քարտեզ»-ի համակարգող Սամվել Մարտիրոսյանը), եթե իրադրությունը նրա համար բարենպաստ չլիներ։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 2008թ.-ին մարտահրավեր էր նետել Սերժ Սարգսյանին (դա ավարտվեց բախումներով նրա կողմնակիցների և ոստիկանության միջև, զոհվեց տասը մարդ և նրա մերձավորներից շատերն ազատազրկվեցին), հրաժարվեց՝ պատճառաբանելով տարիքը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդները և «Դաշնակցությունը» նույնպես ընտրություններին չմասնակցեցին։ 2018թ.-ին է սպասում Հայաստանում դեռ մեծ ազդեցություն ունեցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Այն 5-ին, ովքեր մրցում էին Սերժի և Րաֆֆիի հետ, Հայաստանում միաձայն «կրկես» էին անվանում։
Ազնիվ ԿՀՎ-ականը
53-ամյա Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը, ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան, այնտեղ հիմնել է Հայ փաստաբանների միությունը և1990թ-ին տեղափոխվել Հայաստան։
Եղել է Հայաստանի արտգործնախարարը ու թեև շատ չի մնացել այդ պաշտոնում՝ հրապարակավ հայտարարել է, որ թուրքերը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։
Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թողել է Ամերիկան, կարիերան և տեղափոխվել Հայաստան, որտեղ համեստ կյանքով է ապրում։
Հայաստանում Հովհաննիսյանի մասին խոսում են որպես «ամենամաքուր» քաղաքական գործչի։ «Ապրելով Հայաստանում 20 տարի՝ նա այդպես էլ չդարձավ քրեաօլիգարխիկ բիզնեսի մաս»,-ասում է Լարիսա Ալավերդյանը։
Իհարկե, Րաֆֆին «մինուսներ» էլ ունի։ Նախ, նա հայերեն խոսում է ակցենտով և հեռավոր գյուղերում բոլորը չէ, որ հասկանում են նրան։ Բացի այդ, ժողովրդի մեջ տարածված է (և պետական լրատվամիջոցները տարածում են դա) այն կարծիքը, որ Հովհաննիսյանն ԱՄՆ պետդեպի դրածոն է, նա ֆինանսավորվում է ամերիկան դեսպանատան կողմից և իսկական «ԿՀՎ-ական» է (Կենտրոնական հետախուզական վարչություն)։
Շատերին կասկածելի էր թվում այն, որ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցից հետո Րաֆֆին դադար վերցրեց, որպեսզի դիվանագետների հետ հանդիպումներ ունենա։Եվ ի վերջո, բոլորին չէ, որ դուր է գալիս ամերիկյան վարվելակերպը՝ փողոցում բոլորին ժպտալու և բարևելու վերաբերյալ։ Երևանում անգամ կատակում են, թե մարդիկ փողոցում Րաֆֆիին տեսնելով սկսում են փախչել։
Սակայն «privet-ռեվալյուցիայի» ամենամեծ թերությունն այն է, որ հեղափոխականի դերին քաղաքական գործիչը բոլորովին պատրաստ չէ։ Դա շատերի համար հայտնի դարձավ անմիջապես ընտրությունից հետո։
Սպառնալիքներ ընդդիմությունից
Հնարավոր է՝ «բարևի հեղափոխության» չկայանալու պատճառն Ազատության հրապարակում փետրվարի 22-ին կայացած նախավերջին հանրահավաքն էր։ Նախօրեին Րաֆֆին գնացել էր նախագահական՝ զրուցելու Սերժ Սարգսյանի հետ։ Դուրս գալով այնտեղից՝թեկնածուն հրաժարվել էր մեկնաբանություններից՝ խոստանալով ամեն ինչ ասել հանրահավաքին։ Լրագրողներն ու ժողովուրդը համբերատար սպասեցին մի ամբողջ օր։
Նշանակված ժամին Ազատության հրապարակում հավաքվել էր առնվազն 10.000 մարդ։ Օպերայի աստիճաններին մոտ 2 ժամ ելույթ էին ունենում տարբեր ընդդիմադիր գործիչներ, իսկ թեկնածուն այդպես էլ չպատասխանեց կարևոր հարցին՝ ի՞նչ անել հետո։
Ամբոխը, որի առնվազն մեկ երրորդը կազմված էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից՝ ասում էին՝ ո՞ւր է Լևոնը։ Այդ պատճառով բուռն ծափահարություններով ընդունվեց Տեր-Պետրոսյանի համախոհներից լրագրող Նիկոլ Փաշինյանի ելույթը, ով մի քանի տարի բանտում էր անցկացրել՝ 2008թ.-ի մարտին անկարգություններ կազմակերպելու համար։
«Ժողովուրդը դե ֆակտո ընտրել է նոր նախագահի։ Նա Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Սակայն ժողովրդին թույլ չեն տալիս դե յուրե հռչակել հաղթանակը։ Երեկ ոչ թե Սերժ Սարգսյանն էր իր աշխատասենյակում ընդունում Րաֆֆիին, այլ հակառակը»,-ասեց Նիկոլը։ Դա, անկասկած հանրահավաքի ամենալավ ելույթն էր։
Հենց Նիկոլ Փաշինյանը (հնարավոր է միայն նա) գործող հայ գործիչների մեջ կարող է ժողովրդին ծայրահեղական գործողությունների դրդել։
Ընտրություններից առաջ ոչ նա, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆիին չէին աջակցում։ Ինքը՝ Նիկոլը, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» դաշինքը սպասում էին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը։
«Մեզ մոտ ֆորս-մաժորային իրավիճակ էր, և մենք պարզապես չհասցրինք։ Սակայն ընտրությունից առաջ ես Հայաստանի քաղաքացիներին կոչ արեցի հստակ դեմ գնալ Հայաստանի ներկայիս իրականությանը և ընտրել Սերժ Սարգսյանի հակառակորդներին»,-արդարանում է Փաշինյանը։
Բացի «ծաղրածուներից», ընտրությանը մասնակցում էր նաև Հրանտ Բագրատյանը՝ «Ազատություն» կուսակցության ղեկավարը, որը ՀԱԿ-ի կազմում է։
«Փաստացի նրան գցեցին։ Լևոնը նրան չսատարեց, իսկ իր ռեսուրսները փոքր էին։ Բացի այդ, նա ոչ խարիզմատիկ անձնավորություն է, խոսում է շատ ձանձրալի և ինտելեկտուալ»,- բացատրում է Սամվել Մարտիրոսյանը։
Իսկ ի՞նչ կլինի հետո
Րաֆֆին համոզված է, որ նախագահ է դարձել, որ ժողովուրդն ընտրել է իրեն և, ըստ երևույթին, ակնկալում է, որ Սարգսյանը դա կհասկանա։
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչները, ինչպես և ինքը, պնդում էին զանգվածային խախտումների մասին։ «Սերժը փաստացի՝ պաշտոնական տվյալներով, իր թիվը հավաքել է այն ընտրատեղամասերում, որտեղ մասնակիցների թիվը 90% է կազմել։ Այդ տեղամասերում նա հավաքել է 70-90%։ Դա ակնհայտ կեղծիք է»,-ասում է Նիկոլը։
Սակայն «խախտումների քարտեզի» համակարգող Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ոչինչ էլ առանձնապես տեղի չի ունեցել։ «Խորհրդարանական ընտրությունների ընթացքում (2012թ.-ի մարտին) մենք շուրջ 1000 հաղորդագրություն էինք ստացել խախտումների մասին, այդ թվում՝ որ թույլ չեն տալիս հանրահավաք իրականացնել, կամ ընտրացուցակներում անճշտությունների վերաբերյալ։ Այս անգամ մենք ստացել ենք խախտումների մասին 396 հաղորդագրություն»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։
Նախօրեին Հայաստանի ընդդիմության ձեռքում հայտնվեցին թեկնածուի հաղթանակի մասին առաջին փատերը ՝ ստացված անկախ աղբյուրներից։
Ռուսական «Գոլոս» ասոցիացիայի փոխնախագահ Գրիգորի Մելքոնյանցը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը 420.000 «անոմալ» ձայն ունի, ինչը նրան կտար ընդամենը 42.07%, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հավաքած լիներ ձայների 51.47%-ը։
Իսկ դա նշանակում է, որ նա հաղթել է առաջին փուլում, որի իրականացման համար, իհարկե, արժե պայքարել։
Հարցը միայն այն է, թե կբավականացնի՞ նրա խարիզման, վճռականությունն ու ունակությունները։ Առայժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է իր մտադրության մասին՝ շրջաններ այցելելու, որտեղ հանդիպում է հազարավոր մարդկանց հետ։
Դա,իրոք, նյարդայնացնում է իշխանությանը (ինձ հետ հանդիպման ընթացքում իշխող կուսակցության պաշտոնյան զանգահարեց առնվազն 7 մարդու, որպեսզի ճշտի, թե քանի մարդ է իրապես գնացել Րաֆֆիի հանրահավաքին Գյումրիում)։
Նախագահական նստավայրի վրա հարձակման կամ այլ ծայրահեղական քայլերը բացառվում են։ «Րաֆֆին հակված է ավելի մեղմ մեթոդների։ Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր նրան ամուր մարդ, քաղաքական գործիչ չեն համարում, որ կարողանա ղեկը ձեռքը վերցնել»,-ասում է Լարիսա Ալավերդյանը։
Րաֆֆին Սերժից առաջարկ է սպասում, և այստեղ ակնկալվող նվազագույնը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, և ընտրակեղծիքների համար մարզպետերի և քաղաքապետերի ազատումն աշխատանքից (դեռ Սերժը հանել է միայն այն քաղաքապետերին ու մարզպետերին, որտեղ նախագահը տապալվել էր)։ Հայաստանում խոսում են, որ Հովհաննիսյանին կարող է վարչապետի պաշտոնն առաջարկվել, սակայն անգամ գործչի շրջապատից ասում են, որ նա այդ դերին չի համապատասխանում. թիմ չունի։
Անգամ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է չկրկնել 2008թ.-ի սխալները և չսրել իրադրությունը։
Հովհաննիսյանը հասկանում է, որ իր ընտրազանգվածը պատրաստ չէ ծայրահեղականացման, և եթե հեղափոխություն սկսվի, ապա առաջ կգնան բոլորովին այլ մարդիկ։
Րաֆֆիի խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը, հավանաբար, քայլեր չի ձեռնարկի։ Բացի այդ, նրա հետևում լուրջ մարդիկ են՝ երեք նախագահները, որոնք կարող են միմյանց դեմ պայքարել, սակայն նրանք բոլորն էլ նույն իշխանության ներկայացուցիչներն են։
«Րաֆֆին սկսում է միավորներ կորցնել, իսկ Սերժն իրեն նախագահ զգալ։ Նա կարողանում է սպասել և չնյարդայնանալ, իսկ երկար խաղ խաղալ նրա հետ դժվար է։ Նա ժամանակ է ձգում և հակառակորդին ստիպում է սխալվել»,-բացատրում է Սամվել Մարտիրոսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցությունների սկզբում՝ փետրվարի 21-ին, Սերժ Սարգսյանն ասաց. «Ոնց որ թե տխուր ես, Րաֆֆի»։
Կարծես՝ նրա վրա բարևի տեխնոլոգիաները դեռ չեն ազդում։