▲ Դեպի վեր

Пятница, 25.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «...Կարևոր չէ, թե ոչ հեռավոր 2018-ին մոլորվածներն ու միտումնավոր գործողները ինչպես միմյանց օգտակար եղան անձամբ իմ և Հանրապետական կուսակցության, մեր շատ ընկերների դեմ թունավոր, 1937 թվականի մեթոդներով կեղտոտ արշավ իրականացնելու գործում: Փաստ է, որ այսօր՝ այդ տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց, փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, ամեն երրորդը՝ ինքն իրեն՝ սրանց անվերապահորեն հավատալու միամտության կամ մոլորության համար: «Թողեք, թող աշխատեն» թեզը միայն հիմա, չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են «մեզնից մեզ պաշտպանեիք» թեզը, ասելով՝ մենք պահանջում էինք իշխանությունից հեռանալ, դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորելու գնով մնայիք իշխանության: Նրանք՝ նման բան ասողները, առնվազն ազնիվ չեն. և՛ ես, և՛ նրանք, և՛, իհարկե, դուք՝ այստեղ գտնվողներդ, շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կարտասանեին այսօր մեզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրավունքների բազում պաշտպաններն իրենց տերերի ցուցումով ինչ ջանասիրությամբ կլծվեին գործի:

Մինչդեռ 2018-ից հետո նրանք՝ սորոսական և նույնանպատակ այլ կառույցները, կուրացել ու խլացել են, ասես գետնի տակ անցել, քանի որ ցուցում չունեն գործելու: Ինչո՞ւ չունեն՝ դա արդեն մեկ այլ և ծավալուն թեմա է:

Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո:

Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է, ինչ խոսք, իսկ, այ, ուրիշին մեղադրելը ամենահեշտն է: Ուրեմն ինչո՞ւ չգնալ հեշտ ճանապարհով:

Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է...»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее