«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը՝ խնդրելով բարձրաձայնել իր կնոջ՝ Նունե Մաղաքյանի հետ կատարված սարսափելի դեպքի մասին: «Իրադարձությունների շղթան ինձ լուրջ մտորումների տեղիք է տալիս, որ Հայաստանւմ գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա»,- ասել է Կարապետյանը «Չենք լռելու»-ի տեսանյութում՝ հայտարարելով, թե բժիշկները Մարգարյան հիվանդանոցում կանխամտածված կարել իր կնոջ միզածորանը, այնուհետև տևական ժամանակ իրենք իրենց անտեղյակի տեղ են դրել՝ իբր չիմանալով միզածորանի՝ իրենց իսկ կողմից կարված լինելու մասին:
Երկար ժամանակվա ընթացքում կարված լինելով՝ միզածորանի ֆունկցիոնալ հատկությունները խախտվել են, և բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեև առողջ է, սակայն միզածորանի՝ շարքից դուրս գալու պատճառով անիմաստ է դառել: Երիկամը հեռացնելուց առաջ Կարապետյանների ընտանիքը պահանջել է օրգանն իրենց տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով «փորձաքննության» անցկացմամբ:
Կարապետյանի խոսքերով, միզածորանը «իբր թե անզգուշորեն կարելը և սկիզբն էր այն շղթայի, որը հետագայում երիկամը հեռացնելու և այն վաճառելու հիմք պետք է դառնար»:
Կարապետյանի խոսքերով, կա իրար հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող բժիշկների գործողությունների անուղղակի ապացույցը. առաջին վիրահատությունը ետին թվով ձևակերպվել է որպես պետպատվեր, չնայած ընտանիքը վճարունակ է: «Այդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից, իսկ մնացած երկու վիրահատությունների գումարն էլ բժիշկները խոստացան փոխհատուցել առձեռն: Ուրիշ ի՞նչ նպատակ դա կարող էր հետապնդել, եթե ոչ մեզ լռեցնելն ու մեր աչքերում փորձել լավամարդ դառնալը»,- տեսանյութում ասում է Կարապետյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ պատնեշների է բախվել իրավապահ և դատական մարմիններում: