«Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցն, որը ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը:
-Աշխե՛ն, այն, որ Սերժ Սարգսյանը սփյուռքի համար անընդունելի գործիչ է հենց միայն հայ-թուրքական արձանագրությունների առումով, պարզ է, իսկ ի՞նչ վերաբերմունք ունի Սփյուռքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, երբևէ կմտածեի՞ր, որ նա կդառանա քաղաքական խաղացող:
-Սփյուռքի անունից չեմ կարող պատասխանել, բայց իմ կարծիքով՝ նա չունի քաղաքական գործչի անգամ արտաքին և ֆիզիկական տվյալներ: Ինձ համար զավեշտալի և միևնույն ժամանակ ամոթ է այս իրավիճակը, բայց, դժբախտաբար, նա մեծ դեր կկատարի քաղաքականության մեջ: Մենք մտածում էինք, որ ճիշտ կլիներ նրա թիմից Վարդան Օսկանյանի առաջադրումը, որը թե՛ ներկայանալի է և թե՛ խելացի: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը կինոյի կերպար է հիշեցնում, անձամբ չեմ ճանաչում նրան, բայց ինքն իր սպիտակ կոստյումներով չի կարող լուրջ քաղաքական դեմք լինել, ավելին՝ սփյուռքի համար նա անլուրջ քաղաքական անձ է, որը Հայաստանի տնտեսությունը մենաշնորհողներից մեկն է:
-Իսկ Ձեզ համար տարօրինա՞կ չէ, թե ինչ ուժեր են բանակցում նրա հետ, մասնավորապես՝ ՀԱԿ-ը:
-Եթե քաղաքական խաղի կամ քաղաքական հաշվարկների մասին է խոսքը, հնարավոր է՝ այսօր որևէ քաղաքական ուժ Հայաստանում, որն ուզում է անպայման Սերժ Սարգսյանի դեմն առնել, իր ստրատեգիայի համար բանակցի Գագիկ Ծառուկյանի հետ: Անձամբ ես նման բան երբեք չէի կարող անել, բայց ես քաղաքական գործիչ չեմ, գուցե ինչ-որ հաշիվներ կան, որ մտածում են Ծառուկյանի հետ կարող են դիմադրել Սերժ Սարգսյանին: Երբ Ֆրանսիայում Ժակ Շիրակի դեմ երկրորդ փուլի ընտրություններին դեմ դուրս եկավ Ժան Մարի Լե Պենը, էքստրեմալ աջը և էքստրեմալ ձախը իրար միացան ֆաշիստներին Ֆրանսիայից ճամփելու համար: Էքստրեմալ պահերին թշնամիները կարող են համաձայնության գալ, որպեսզի ամենավտանգավոր քաղաքական ուժը չիշխի երկրում, և սա եվրոպական երկրների մեջ ընդունելի է, սա պարզապես քաղաքականություն է համարվում, մշակված ստրատեգիա: Հայաստանում մեզ համար սա զարմանալի է այն պարզ պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև սարերի տարբերություն կա: Ի դեպ, Սփյուռքում Լևոն Տեր-Պետրոսյանին էլ շատ չեն սիրում, այս ուղղությամբ շատ լավ աշխատեց Դաշնակցությունը. Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ համակրում են մտավորականները, բայց նրանք էլ մեծամասնություն չեն կազմում: Իսկ Ծառուկյանը ծիծաղ առաջացնող կերպար է և վտանգավոր կերպար կարող է լինել հայության ու սփյուռքահայության համար: Նորից եմ կրկնում, ԲՀԿ-ից լուրջ ներկայացուցիչ կարող էր լինել Վարդան Օսկանյանը:
-Իսկ ի՞նչ վտանգներ եք տեսնում Գագիկ Ծառուկյանի առաջադրումով:
- Գագիկ Ծառուկյանը կարող է ամենաաղքատ դասակարգին, որը, դժբախտաբար, այսօր մեծամասնություն է Հայաստանում, գնել փողով: Այսինքն՝ ժողովուրդը կարող է քվեարկել նրա օգտին միայն նրա համար, որ նա շատ փող ունի, բայց ժողովուրդը չի կարող մտածել, թե ապագայում ինչ կարող է անել այդ մարդը իրենց հետ և իրենց երկրի հետ, ես, օրինակ, կվախենայի: Նա անգրագետ է, ինչպե՞ս կարող է երկիրը ղեկավարել: Գիտենք, որ նա շատ փող է ձեռք բերել Խորհրդային Միության ժամանակ, երբ առնելն ու ծախելն ամենահեշտ բանն էր, նախ սեփականաշնորհեց Հայաստանի գինու կոնյակի գործարանը, հարստացավ, բայց դա չի նշանակում՝ նա խելացի է և կարող է երկրի համար կարևորագույն ստրատեգիաներ մշակել: Նա հեշտությամբ նստած տեղը իր կոնյակը ծախել է, դարձել միլիարդատեր, բայց ես անձամբ գիտեմ՝ ինչ խնդիրներ ունեցավ Ծառուկյանը Կաստելի հետ, ես ներկա եմ եղել դրան, թե ինչպես է հետ վերցրել սեփականությունը: Այս խնդիրները հասան մինչև պարոն Շիրակին, որ կարողանան դուրս գալ այդ պատմությունից: Այսինքն՝ նա նույն Ռուբեն Հայրապետյանի կերպն է: Ես գիտեմ՝ ով է այդ մարդը, և թե ինչպես նա խլեց Կաստելի բաժինը՝ Կոտայքի գարեջրի գործարանը, և թե ինչպես Կաստելը գնաց Հայաստանից: Մեկ շաբաթվա մեջ իրենց իրերը հավաքեցին և գնացին Հայաստանից: Այս պատմությունն օլիգարխիայի ձևերով վերջացավ: Արդյունքում Կաստելն իր ներդրումը դադարեցրեց Հայաստանում ու գնաց, կարծում եմ՝ երկրի համար, որն այդքան տնտեսական դժվարություններ ունի, լավ չէ, երբ ներդրողները հեռանում են: Չեմ ասում՝ ֆրանսիացիները սուրբ են, բայց երբ ներդրում կա դրսից, նման փոքր երկրի՝ Հայաստանի համար լավ կլիներ, որ մնար, մինչդեռ օլիգարխիայի կանոններն այլ են:
Ծառուկյանը, դժբախտաբար, այսօր մեր իրականության մեջ սպասված է, երբ աջ ու ձախ խոսում ես ժողովրդի մեջ, լսում ես՝ «Ծառուկյանը գոնե օգնում է ժողովրդին» արտահայտությունը: Այսինքն՝ ժողովուրդը մտածում է, որ նա բարերար է, լավություն է անում իր երկրին: Բայց օլիգարխիան քսան տարվա մեր պատմության մեջ ի՞նչ է անում Հայաստանի ապագայի կամ տնտեսության զարգացման համար, ի՞նչ ներդրում, որ ժողովուրդը գործ ունենա և չլքի երկիրը:
Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը չի՞ ստանա Սփյուռքի աջակցությունը:
-Դժբախտությունն այն է, որ Սփյուռքն էլ է անտարբեր այս ամենին, և ադեկվատ չէ Սփյուռքի արձագանքը խնդրին: Սփյուռքն այսօր պատրաստվում է 1915թ. ցեղասպանության 100-ամյակը նշելու, հիշելու: Անշուշտ, դա պետք է, բայց այսօր Հայաստանի խնդիրն է առաջնային, քան ցեղասպանության ճանաչումը: Իրենց համար կարևոր է Թուրքիային պատժելը, իսկ Հայաստանում ինչ կատարվում է, դա իրենց ընդհանրապես չի հետաքրքրում: Չեն մտածում՝ ով կլինի հաջորդ նախագահը, բայց եթե առաջադրվի Ծառուկյանը, հնարավոր է մի քիչ ցնցվի Սփյուռքը, զարմանա, բայց սա էլ ի նպաստ Սերժ Սարգսյանի կլինի:
Ծառուկյանին սփյուռքը տեսնում է սպիտակ շորերով, զուգորդում է թիկնապահի հետ՝ անգամ իր հագուկապով: Ինչպե՞ս կարող է նա նախագահ դառնալ և ինչպե՞ս պետք է կարողանա ներկայացնել երկիրը: Նա ներկայանալի չէ: Ավելին, վախենալու կերպար է:
Մեզ կին նախագահ է պետք, խելացի կին, որը կկարողանա մեր երկիրը Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ներկայացնել: Այսօր, սակայն, ես Հայաստանի համար շատ մտահոգ եմ: Կարծում եմ՝ Հայաստանում պետք է հասարակությունը փոխվի իրական փոփոխության համար, և հասարակական շարժումներն են, որ պետք է փոխեն մեր ամբողջ քաղաքականությունը, որովհետև ընտրություններով ոչ մի բան չի փոխվում, մենք 20 տարի անում ենք ոչ արդար ընտրություններ. Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դրվեց ընտրակեղծիքի մեքենան, և այսօր այդ սխալի համար Հայաստանը վճարում է, սակայն ժողովուրդը մեղք է: Երբ հասարակությունը փոխվի, քաղաքականությունն էլ կփոխվի: Մինչև ժողովուրդը չհասկանա, մենք չենք ունենա փոփոխություն:
Հարցազրույցը` Սիրանույշ Պապյանի