▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնագանձման պահանջ է ներկայացվել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների՝ Բուլղարիայի շշալցման ընկերությունում ունեցած բաժնետոմսերի նկատմամբ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը:

Իրավաբան.net-ի փոխանցմամբ՝ պատասխանող կողմի ներկայացուցիչներն առարկեցին դատական նիստի տեսանկարահանման դեմ։

Նշենք, որ պատասխանող կողմին ժամանակ էր տրամադրվել հաշվարկների ֆայլերին ծանոթանալու համար, նախագահող դատավորի հարցին, թե դրանց հետ կապված ինչ հարցեր կան, պատասխանող Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանն ասաց՝ ոչ բոլոր ելակետային տվյալներն են իրենց ներկայացվել, բացակայում են բանաձևերը, որոնց կիրառման արդյունքում կարևոր տվյալներ են ստացվել։ Նա նաև նշեց, որ բանկային շարժման տվյալները ևս ամբողջական չեն։

Պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ է ուզում հանդես գալ, այն դատավորի թույլտվությամբ ներկայացվեց։

Միջնորդությամբ նշվել է, որ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին է սկսվել ուսումնասիրությունը, որի ժամանակ կիրառվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ ուսումնասիրությունը տևում է առավելագույնը 2 տարի, որն իրավասու մարմնի կողմից կարող է երկարաձգվել մինչև 1 տարի ժամկետով։

Գործի տվյալների համաձայն՝ ուսումնասիրությունը սկսվել է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին, հայցը հարուցվել է 2023-ին հոկտեմբերի 9-ին։ Ասատրյանը նշեց՝ պատասխանողի կողմից կարևորվում է այն  հանգամանքը, որ միջնորդության մասով կիրառելի է 2020 թ․ խմբագրության օրենքը։ Ասաց՝ այստեղ ակնհայտ է այն փաստը, որ ուսումնասիրության տևական լինելը վատթարացնում է անձի կարգավիճակը, անձի՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ուսումնասիրությունն այլ օրենքի շրջանակներում ուղղակի և անուղղակի միջամտություն է, ինչը ևս վատթարացնող դրույթ է։

Օրենքի 8-րդ և 20-րդ հոդվածները մատնանշելով՝ նա ընդգծեց, որ կողմն իրավունքի պաշտպանության ժամկետի մասով թույլ է տվել հայցը հարուցելու ժամկետի խախտում, հետևաբար առկա է հայցային վաղեմություն կիրառելու անհրաժեշտություն։

Դատավոր Լիլի Դրմեյանի հարցին, թե երբ պետք է դատախազության կողմից հայցը ներկայացվեր, Ասատրյանն ասաց՝ հայցվորը պետք է հայցապահանջով հանդես գար 2022 թվականի հոկտեմբերի 8-ին։

Դատախազ Համլետ Հարությունյանն առարկեց միջնորդության դեմ, նշեց՝ այն պետք է մերժել հետևյալ երկու հիմքերով․

  1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ենթարկվել է փոփոխության, անցումային դրույթներով 2 տարի ժամկետը դարձել է 3 տարի, նախատեսվել է, որ այն ուսումնասիրությունը, որն ընթացիկ փուլում է, դրանց վրա տարածվում են ժամկետներ, ինչը վերաբերում է նաև այս  ուսումնասիրությանը։
  2. Կան փաստաղթղթեր, որոնցում առկա են 2022 թ․ հունիսի 24-ի որոշում՝ կայացված դատախազ Տիգրան Դավթյանի կողմից, որը վերաբերել է ուսումնասիրության ժամկետի երկարաձգմանը։ Այս որոշմամբ դատախազն արձանագրել է, որ կատարվել են միջազգային հարցումներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրության ժամկետը 1 տարով երկարաձգել։

«Նույնիսկ օրենքի նախորդ խմբագրությամբ է նախատեսված, որ ուսումնասիրությունը կարող է տևել 2 տարի, իսկ միջազգային հարցումներով պայմանավորված՝ կարող է այն երկարացվել 1 տարի ժամկետով, նաև նախորդ խմբագրությամբ գործող օրենքով մեկ տարի ժամկետով ուսումնասիրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում է ներկայացվել, որն առկա է գործի նյութերում, հետևաբար, միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման»,-ասաց Համլետ Հարությունյանը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանն ասաց՝ դատախազ Տիգրան Դավթյանը նման լիազորությամբ օժտված չի եղել․ «Էդ օրենսդիրն ա որոշել, թե որ պայմանների առկայությամբ է երկարաձվում, և էդ պայմանների ապացուցման բեռն էական է գործի քննության շրջանակներում։ Հայցվոր կողմը նույն դիտարկմամբ կարող է նման որոշում կայացնել և 2 տարին սարքել 3, բայց օրենսդիրը արձանագրել է, թե դրա պայմանը որն է»։

Միջազգային հարցման վերաբերյալ դատավորը հարցրեց, թե փոխօգնության կարգով հարցում կատարելու համար հիմքը հիմնավորող ապացույցներ առկա են, թե ոչ, դատախազը պատասխանեց՝ հիմքերը կողմերին տրամադրված են, փաստաթղթերից մեկում առկա է իրավական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցում, որտեղ նշված է՝ հայցվորը Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է, հասցեատերը Բուլղարիայի Հանրապետության իրավասու մարմիններն են, առարկան ուսումնասիրության շրջանակներում իրավական օգնության հարցումն է։

Համլետ Հարությունյանը հայտնեց՝ Բուլղարիայից ստացված պատասխաններով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը և Ջավահիր Ծառուկյանն այնտեղ գտնվող շշալցման ընկերությունից ունեն բաժնետոմսեր, ավելին՝ դրանց մասով բռնագանձման պահանջ է ներկայացվել։

Դատախազ Գևորգ Քոչարյանն իր խոսքում նշեց, որ սկզբնապես գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ իրավասու մարմինն է որոշում կայացնում համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրության տևողությունը երկարաձգել մինչև 1 տարով։ Նա շեշտեց, որ խոսքը պետական մարմնի կողմից ներկայացված փաստաթղթր մասին է, որն ուղարկվել է հայցվորին, և հայցվորի կողմից էլ ներկայացվել է դատարան, ու այդ փաստաթղթերով հաստատվում է , որ հարցումը կատարվել է 2022 հունիսի 14-ին, որի հիման վրա 10 օր հետո որոշում է կայացվել 1 տարով երկարաձգելու։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանի հարցին, թե Բուլղարիայից ստացված հարցման պատասխանը երբ է ստացվել, Հարությունյանը պատասխանեց՝ դրանք գործի նյութերում հստակ նշված են՝ 2022 թվականի հոկտեմբերից հետո։

Փաստաբանի խոսքով՝ 2022 թ․ հունիսի 9-ին օրենքն ընդունվել է, որով փոփոխություններ են իրականացվել օրենքի 8-րդ հոդվածում, և այդ 2 տարին առավելագույնը դարձել է 3 տարի․ «Այս պայմաններում, երբ հունիսին իրականացնում էին հարցում, միաժամանակ որոշում կայացնում, որպեսզի այդ ժամկետը երկարաձգվի, արդյո՞ք դրանով չեն ընդունում, որ փոփոխության ենթարկված նորմը հենց անձի համար վատթարացնող նորմ էր»։

Համլետ Հարությունյանն ասաց՝ այդ փոփոխությունը ստորագրվել է 2022 թ․ հունիսի 29-ին, ուժի մեջ մտել՝ 2022 թ․ հուլիսի 10-ին, ու որոշումը մինչև այդ ժամանակահատվածն է կայացել․ «Այն, որ մենք այդ որոշումը կայացրել ենք, դա չի նշանակում, որ վիճարկել ենք օրենքի փոփոխության սահմանադրականությունը, այլ գործող օրենքի խմբագրությամբ է նման որոշում կայացվել»։

Հայցային վաղեմության վերաբերյալ միջնորդության քննարկումն ավարտվեց։ Դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին, և կուղարկվի կողմերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее