Բացեցիր չէ՞ այս նյութը: Աչքերդ էլ արագ-արագ մեկ աջ ես տանում, մեկ ձախ, վերև-ներքև, ինչ է, թե իմանաս՝ ով, ում, ինչո՞ւ և ամենակարևորը, խոսելու թեմա կլինի: Քեզ տեղեկացվածի տեղ կդնես և ոչինչ չասող ու ոչինչ չփոխող զրույցդ կսկսես «Բա իմացա՞ր»-ով ու կավարտես «Երկիրը երկրի չէ» արտահայտությամբ: Այնինչ, հինգ վայրկյան առաջ շատ լուրջ, ամեն ինչ ասող, վերոնշյալ բառերը չպարունակող ու սիրտ չկանգնեցնող, մտածելու, խորհելու առիթ հանդիսացող նյութին անգամ աչքի պոչով չնայեցիր: Հետո էլ ասում ես, թե «Յախք, էլի այս ապուշ լուրերը, բան չունեք գրելու…»: Բա այդ դեպքում գրված «բաները» ինչո՞ւ չես կարդում: Չէ՞ որ այդ «բաներն» են հարստացնում, ուղղորդում, օգնում: Բա չէ, ով ում հետ քնեց, քանի ժամ քնեց, անկողինը բուրդ էր, բամբակ, թե մետաքս, կամ, թե ադամանդներից ով որ ամսագրի շապիկին է հայտնվել, ինչպես են դզել-փչել և այլն: Տեսնո՞ւմ ես ընթերցո՛ղ, թե որքան մեծ է քո մեղքի բաժինը:
Անի Կարապետյան