Armtimes.com-ը գրում է. Նկարներում պատկերված է Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ նոր կենտրոնական գրասենյակը: Այն գտնվում է ՀՀԿ գրասենյակի ետեւում, Դաշնակցության գրասենյակի դիմաց, «Ազգ» օրաթերթի ներքեւում: Գրասենյակը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, կորած էր փոշու մեջ, այս ու այն կողմում էին ցրված տարբեր առարկաներ: Կային մի քանի տուփեր, որոնցով, ամենայն հավանականությամբ, տեխնիկա կամ շինանյութ էր բերվել տարածք, կար նաեւ փայտե մի պահարան, որի մեջ մի քանի հին լարային հեռախոսներ էին:
«Ամենաբարեկարգ» սենյակում կար սեղան, ՀՀ քարտեզ, մի քանի փոշոտ աթոռ եւ հագուստի համար նախատեսված կախիչ, դրա կողքին գտնվող սենյակը ամբողջովին դատարկ էր, հատակում կային քարեր, իսկ լույսի ջահը կոտրված էր: Մեկ այլ սենյակ՝ ընդհանրապես դուռ չուներ, փոխարենը՝ այդ սենյակի դիմաց լցված էր քարերի կույտ: Գրասենյակը չունի պահակ կամ անվտանգության աշխատակից, ու ընդհանրապես՝ դժվար էր կռահել, որ այն համարվում է կուսակցության գրասենյակ՝ չկար ոչ մի տարբերանշան: ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը մեզ տեղեկացրեց, որ գրասենյակն ունի վերանորոգման կարիք, ու հույս հայտնեց, որ 10 օր անց արդեն կսկսեն աշխատել այնտեղ: Բաբայանը չմանրամասնեց, թե ի՞նչ միջոցներով է վերանորոգվելու գրասենյակը. «Կարծում եմ՝ այդ հարցը անտեղի է, դա իմ ոլորտից չէ»,- ասաց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում