Այսօր ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 1990թ. «Գարուն» ամսագրում տպագրված իր պատմվածքը, որը ներկայացնում ենք ստորև.
«Նա ժպտում է
Երբ եկավ երկիր, արև էր, գարուն: Ձյունը հալվել էր, և գետերը վարար հոսում էին: Գարնան առաջին ծաղիկները դուրս էին եկել երկրի երես և վախեցած իրենց շուրջն էին նայում: Կանաչ էր շուրջը, զարթոնք ու արև: Ոչ ոք չիմացավ, թե ինչպես նա եկավ: Ոչ ոք չնկատեց նրա գալը: Աշխարհը լի էր մարդկանցով, և կյանքը եռում էր երկրի վրա: Ծնունդն ու մահը դարձել էին սովորական ու ամենօրյա մի երևույթ: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս ծնվածներից, և այդ պատճառով էլ նրա ծնունդը աննկատ մնաց մարդկանցից:
Միայն այն մարդը, որ նրա հայրն էր, հուզվեց անչափ ու երջանկացավ: Եվ այն կինը, որ նրա մայրն էր, լաց եղավ հանկարծ, բայց ոչ թե ցավից ...Ծնվեց նա ու սկսեց ապրել արևով ու խնդությամբ լի այս մեծ աշխարհում: Անցնում էին տարիներ, նա մեծանում էր: Սիրում էր կյանքը, սիրում էր արևն ու լույսը, սիրում էր մարդկանց: Խոսել չէր սիրում: Սիրում էր դիտել, հետո հասկանալ ու ուրախանալ: Հաճախ օրերով կորչում էր տնից: Փախչում էր դեպի դաշտերն ամայի, դեպի կապույտ լեռները, դեպի անհուն ձորերը: Իսկ երբ ետ էր գալիս, ապա դեմքը նրա օծված էր լինում երանությամբ: Սիրում էր կյանքը և զգում էր, թե ինչպես հեռու դաշտում ծնվեց մի ծաղիկ, և ինչպես քարտաշը արևի պայծառ ճառագայթների մեջ տեսավ մի թիթեռ ու այդ թիթեռը դրեց քարի մեջ: Եվ քարն այդ ծաղկեց ու դառավ հրաշք ու դառավ խաչքար, կամուրջ կամ էլ վանք:
Նրան թվում էր, թե բոլորն են այդպես ամեն ինչ զգում: Բոլորն են այդպես կյանքն ընկալում: Բոլորն են այդպես արբենում կյանքով: Անցան տարիներ, ու նա հասունացավ: Եվ նա կյանք մտավ: Բայց նա որբացավ: Ծնողներից նրա մնաց միայն մի բարի ու անմոռաց հիշողություն: Նա մի սեր թաղեց անցյալի գրկում:
Բայց նոր սեր եղավ: Եվ ինչպիսի սեր: Ու սերը գրկեց նրան, մտավ հոգու մեջ ու հոսեց նրա երակներով և բարձրացավ դեպի նրա ուղեղը: Մի ջահել աղջիկ գերեց նրան իր հայացքով: Նա սիրեց այդ աղջկան և աղջկա մեջ տեսավ զարթոնքը կյանքի: Խոր վշտից հետո կյանքը նորից նրան առավ իր թևերի վրա և տարավ հեռու, հեռու մի աշխարհ: Ու երանության երկնակամարում ճախրում էր նրա հոգին: Մի ինքնամոռացությամբ նա նվիրվեց կյանքին ու ետ մնաց ժամանակի անխափան քայլից: Իսկ մարդիկ մինչ այդ շարժվում էին առաջ: Նա ետ էր մնում մարդկանցից, չէր հասկանում նրանց, իսկ մարդիկ անվերջ նրան էին կանչում:
Եվ դժվար օրեր սկսվեցին նրա համար: Հանկարծ հասկացավ, որ մարդիկ արբենում են տարբեր բաներից: Մարդիկ շատ հաճախ խենթանում են փողի բուրմունքից և գրգռվում են արյան վառ գույնից: Եվ նա էր մենակ, որ սիրում էր ծաղկունքը ծաղկանց և մայրամուտը հզոր արևի: Հավատը նրան երբեք չլքեց, նա հավատում էր առանց տեսնելու, միայն զգացմունքով: Ու սերը նրա դարձավ առավել ուժգին, իսկ կյանքը դարձավ ավելի պայծառ:
Մինչ այդ մարդիկ, որ նրա հետ էին ծնվել, շարժվում էին առաջ: Թշվառ ու թույլ այդ մարդիկ փորձեցին վազել կյանքին հավասար: Նրանցից մեկը դարձավ թագավոր և ուներ բանակ: Այդ մեկը նա էր, որ արբենում էր արյան վառ գույնով: Կամակատարներ ու հլու ծառաներ ուներ նա: Նրանք դեռ մանկուց գող էին և ստրուկ ու փողի գերի: Շնագայլերի պես նրանք արքայից շպրտված պատառիկներ էին ուտում: Գոհ էին նրանք: Նվիրումով էին ծառայում իրենց տիրոջը, իսկ տերն էլ նրանց կերակրում էր: Եվ նրանք բարձրաձայն գովում ու աստվածացնում էին իրենց հզոր ու ամենակարող տիրոջը:
Անցնում էին տարիները, և փոխվում էին հանգամանքները, իսկ մարդիկ մնում էին նույնը և առաջվա նման, կտրելով մեկմեկու ճանապարհները, վազում էին առաջ: Նա էլ էր մնացել նույնը: Առաջվա նման երկրի տարբեր կետերում բարձրանում էին խարույկի բոցեր, քառատվում ու տանջամահ էին լինում նրանք, ովքեր չէին բարձրացնում իրենց նետված մսի արյունոտ կտորը, ովքեր չէին համբուրում սուտ արքաների կոշիկները:
Աղջիկը, որին նա սիրում էր, լքեց նրան: Աղջիկը հեռվից ձեռքով հրաժեշտ տվեց նրան և խառնվեց մարդկանց խելագար վազքին: Եվ նա խորթացավ մարդկանցից, խորթացավ ու հեռացավ նրանցից: Այն գեղեցիկ աղջկա նման, մարդիկ նրան հրաժեշտ տվեցին, բայց նա լուռ ժպտաց հրաժեշտի պահին և հետո նայեց ծաղկած դաշտերին: Գիշերը նա երկար նայեց աստղերին, շատ բան տեսավ, շատ բան ճանաչեց: Լեռների գագաթից նա տեսավ օվկիանոսների մութ հատակը և հասկացավ հզոր ջրերի ալեկոծության խորին խորհուրդը: Տեսավ, թե ինչ կա թաքնված բարձր սարերի սրտում, հզոր ժայռերի տակ: Այս ամենը տեսավ նա ու այս ամենը նա ճանաչեց: Դարձավ իմաստուն, բայց մնաց մենակ ու ետ եկավ նորից:
Մի օր նրա մոտ եկան մարդիկ: Եկան ու տարան իրենց արքայի մոտ: Արքան այդ, միայն տանջել գիտեր ու գիտեր այրել: Արքան փորձել էր բարձր լեռներից բերված մետաղյա կաղապարների մեջ ձուլել մարդկային խիղճն ու ազնվությունը, մարդկային մտքի թռիչքն ու ազատությունը: Նրան մեծարել էին նրա կամակատարները, և արքային թվացել էր, թե դա իրեն հաջողվել է: Հաջողությունից ոգևորված, նա հիմա էլ որոշել էր անմահություն ձուլել իր անձի համար:
Նա կանգնեց արքայի դիմաց: Արքան նշան արեց, որ նա խոնարհվի, իսկ նա չշարժվեց և միայն ժպտաց: Իսկ հետո նա հրաժարվեց օգնել արքային: Տիրակալը զայրացավ: Բայց նա չերերաց.
- Անմահությունը, դա թնդանոթ չի և ոչ էլ շղթա: Այն հնարավոր չէ ձուլել: Անմահությունը արարվում է, իսկ արքան զորու չէ նման բանի, - ասաց նա:
- Իսկ ո՞վ է զորու: Ասա այդ մարդու տեղը, և ես նրան կստիպեմ, որ արարի իմ անմահությունը, - որոտաց արքան:
Նա լռեց: Երևի ավելորդ համարեց ինչ-որ բան բացատրել: Միևնույնն է, արքան ոչինչ չէր հասկանա: Նրան տարան բանտ: Բանտախուց մտնելուց առաջ նա ժպտաց խեղճ ժամապահին: Բայց բանտը երևի նրա համար չէր: Նա այդտեղ էլ զգաց ջրվեժների ահարկու թափը և նորից լսեց ձկների համր զրույցը: Տեսավ, թե ինչպես է բացվում վարդը, և ինչպես է մեռնում հոգնած թիթեռը: Բանտում նա ապրեց երկար, բայց չհյուծվեց ու չտառապեց: Նրա հետ էին նրա հոգին ու սիրտը, նրա խիղճն ու հավատը: Անցան ամիսներ: Նրան կարծես մոռացել էին, և դա հրաշալի էր: Նա կյանքից վաղուց էր ետ մնացել, իսկ բանտում նստած հիմա հիշում էր իր ապրածը և դրանով նա հանգիստ էր: Բռնակալի մոտից մարդիկ եկան նրան տեսության: Նրան ասացին, որ արքան է իրենց տերը, և բոլորը պիտի հպատակվեն արքային.
- Թքիր քո աստծո և խղճի վրա: Մեր տերը քեզ կյանք կշնորհի: Նա է միակ տերը: Նա է մեր արքա - աստվածը: Նա քեզ կների, ու կապրես ազատ ու անհոգ,- ասացին նրանք:
Նա լուռ ժպտաց: Նրանք հեռացան: Քիչ անց եկան նրա ետևից և տարան տանջարան և սկսեցին երկար տանջել Բայց նա միայն մի բան չհասկացավ: Չհասկացավ, թե ինչու՞ են իրեն տանջում: Նա բնավ ցավ չէր զգում և միայն հանգիստ ժպտում էր տանջարարներին: Իսկ վերջիններս առավել էին գազազում այդ ժպիտից: Մարդիկ սկսեցին մեկ - մեկ քաշել նրա ձեռքերի եղունգները, իսկ նա ժպտաց և ասաց, որ ոտքերի վրա էլ եղունգներ ունի: Մարդիկ այրում էին նրա մաշկը, իսկ նա զգում էր, թե սոխակն ինչ է շշնջում վարդի թփին: Մարդիկ կոտրում էին նրա ոսկորները, իսկ նա տեսնում էր, թե ինչպես է կոտրվում ծիրանի բողբոջած ճյուղը: Եվ ցավ էր զգում: Մարդիկ շիկացած երկաթներ էին մտցնում նրա մարմնի մեջ, իսկ նա լսում էր, թե ինչպես էր հասունացած նուռը ճեղքվում արևի ճառագայթներից: Մարդիկ նրան տանջում էին, իսկ նա ժպտում էր մարդկանց: Նա ժպտում էր մարդկանց, իսկ մարդիկ ավելի էին կատաղում: Եվ նա հանկարծ հասկացավ, որ ոչ թե իրեն, այլ ինքն է տանջում: Նա խղճաց այդ մարդկանց: Նա չէր սիրում, երբ մարդկանց տանջում են: Եվ խնդրեց մարդկանց, որ իրեն խլացնեն և կուրացնեն:
Նրան թվաց, որ եթե ինքը զրկվի զգայարաններից, ապա կսկսի իսկապես տանջվել, և այդ խեղճ մարդիկ մի փոքր կհանգստանան: Մարդիկ խլացրին նրան, իսկ նա շարունակում էր լսել անտառների ու քամու անվերջանալի զրույցը: Մարդիկ նաև կուրացրին նրան, բայց նա տեսավ արծիվների վեհ ճախրանքը: Նա ինքն էլ մի փոքր զարմացավ, զարմացավ ու հասկացավ, թե ինչով է մինչ այդ զգացել, թե ինչով է մինչ այդ ապրել: Եվ նա նորից ժպտաց իրեն տանջողներին, և մարդիկ հասկացան, որ նա առաջվա նման ամեն ինչ զգում ու ընկալում է:
Նրան սպանեցին: Նրա սիրտը տարան ընծա իրենց տիրոջը: Եվ սիրտն այդ ժպտաց արքային: Նրա մարմինը նետեցին շներին: Իսկ նա վերևից տեսավ այդ ամենը, տեսավ ու ժպտաց: Ժպտաց արքային ու նրա ծառաներին, ժպտաց լեռներին ու խոր ծովերին, կանաչ դաշտերին ու անապատներին, հզոր առյուծներին ու սոված շներին:
Եվ դարեր անցան: Արքան այդ մեռավ: Նորը եկավ նրա փոխարեն: Սա էլ փորձեց լոկ բառերով սարքել անմահություն: Փոխվեց արքան, փոխվեցին մարդիկ: Նորերը եկան: Բայց նրանք մտքով առաջվանն էին: Ասում են, նա էլ է մեկ - մեկ իջնում մարդկանց մոտ: Լուռ ամփոփվում է մարդկանց մարմնի մեջ` ծնվում նորից: Նորից խարույկներ են բարձրանում երկրի վրա: Եվ կյանքը, այդ մարդկանց համար, ում մեջ նա կար, դժվար էր տրվում:
Վարդան Սեդրակյան, Երևան, 1989 թ.
«Գարուն» ամսագիր 02. 1990 թ.»