▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ մեղադրանքները հերյուրանք են․ որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում»․ Գարեգին Բ

«Եզրաս սրբազանի կողմից այդ մեղադրանքը հերքվեց»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը նրան մեղադրում է օտարերկրյա գործակալ լինելու մեջ։

«Ինչ վերաբերում է մեր անձին և Եկեղեցուն, նույնպես հերյուրանքներ են։ Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին և հայրենիքին և հանդես է գալիս ի պաշտպանություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի շահերի։ Որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում։ Այդ բոլորն ի գործ է դրվում Եկեղեցու վերաբերյալ ժողովրդի մեջ սխալ պատկեր ձևավորելու համար, բայց վստահ եմ՝ ժողովուրդը հավատ չի ընծայում զրպարտչական մեղադրանքներին

***

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով հարցին՝ եթե դատարանը կամ իրավապահ որևէ կառույց հռչակի X-ին կամ Y-ին Ամենայն հայոց կաթողիկոս, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ, ի՞նչ եք անելու, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պատասխանեց. «Ինչպես կարգալույց եղած անձին առաջնորդի հանգամանք վերապահելը որևիցե հետևանք չունի, և չի կարող ունենալ եկեղեցական մեր կյանքում, նա աշխարհիկ անձ է, և այն բոլոր որոշումները, նաև հարկադիր կատարման ծառայության կողմից վերապահված, որպես իրավունք, կարգալույց եղած անձին, հակասահմանադրական են, հակաօրինական են, և հակականոնական։ Դատապարտելի է, որ իշխանությունները իրենց նման իրավունք են վերապահում։

Ինքնակոչ անձ պիտի լինի։ Նա կլինի այդ հանգամանքի մեջ անձ այն մարդու համար, ով այդպիսի որոշում է կայացրել, և մեր ժողովրդի կողմից բնականաբար այդ ընկալումը չի ունենա այդ անձը։

***

«Մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված Արցախի մեր զավակների համար և Արցախի մեր ժողովրդի իրավունքների համար, նաև հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնում ենք այդ հարցը, ինչպես հոգևոր ժառանգության պահպանության խնդիրը, այնպես և բանտում գտնվող հայոց զավակների ազատ արձակման խնդիրը»,- այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե քանի որ հոգևորականները պատարագի ժամանակ հնչեցնում են Արցախ բառը, հետևաբար՝ նրանք «պատերազմի կուսակցություն» են։

«Չեմ կարծում, որ հիմնավոր է, որ արդարության ջատագով լինելը նույնականացվի «պատերազմի կուսակցություն» հասկացության հետ։ Պատերազմ չէ, որ մենք հրավիրում ենք։ Խաղաղությունը խարսխված պետք է լինի արդարության, իրավունքների պաշտպանության վրա՝ փոխադարձ, և ոչ միակողմանի, և ոչ մեր ժողովրդի շահերի զիջման արդյունք։ Մենք պարտավոր ենք ամեն ջանք ի գործ դնել, որպեսզի արդարությունն իրականացվի Արցախի մեր ժողովրդի նկատմամբ»,- ընդգծեց Վեհափառ Հայրապետը:

***

«Ճնշումների ներգործության ներքո երբեք մենք նման քայլ չենք կատարի, թույլ չենք տա»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցին՝ դիտարկո՞ւմ եք սցենար, որ իշխանության ճնշումների ներքո ինքնակամ որոշեք հեռանալ։

«Մենք ուխտել ենք և մեր ուխտին հավատարիմ կանգնելու ենք պաշտպան մեր եկեղեցու իրավունքներին։ Մենք թույլ չենք տա սխալ նախադեպ, որը կործանարար կարող է լինել մեր Եկեղեցու, մեր ազգի համար՝ իր հետևանքներով»,- ընդգծեց Վեհափառ Հայրապետը։

***

«Եթե հիմա այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը գա Ձեր դուռը, Դուք կընդունե՞ք։ Այն ամենը, ինչ արել է հայ ժողովրդի հանդեպ, Արցախի հանդեպ, Հայաստանի հանդեպ, կներե՞ք նրա բոլոր մեղքերը»,- ի պատասխան այս հարցի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց․ «Պետք է հասկանալ՝ ինչ նպատակով է գալիս: Յուրաքանչյուր մեղանչող պետք է ապաշխարության շրջան անցնի, պետք է անդրադարձում ունենա և զղջա իր թույլ տված սխալների համար ու ներում ստանա Երկնավորից»։

***

«Նրանք մեր եկեղեցու սպասավորներ են, թույլ են տվել մի արարք, որը ընկալում չունի մեր ժողովրդի կողմից»,-լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի «բարենորոգչական» ծրագրին միացած հոգևորականներին տիրադավ են կոչում։

«Նաև եկեղեցին ճիշտ չի գտնում նրանց դրսևորած կեցվածքը, բայց նման գնահատական մենք չենք կարող օգտագործել բնորոշելու արարքները մեր հոգևորականաց: Դա, ինչպես ասացի, իրենց կողմից թույլ տրված արարքը համապատասխան կառույցներում քննության կառնվի և համապատասխան որոշում կկայացվի»,- ընդգծեց Կաթողիկոսը։

***

«Այն առմով, որ փաստեր չունենք, մենք չենք կարող մեզ թույլ տալ հաստատում կատարել, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կապ ունեն աղանդավորական կազմակերպությունների հետ»,- այս մասին այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նրանք սոցիալական ցանցերում ակնհայտ աջակցություն էին ցուցաբերում աղանդավորական կազմակերպությունների նկատմամբ։

***

Անգամ իմ ձերբակալությունը չի փոխի մեր դիրքորոշումը. Գարեգին Բ կաթողիկոս

Եթե ձերբակալեն հայոց հայրապետին, պետք է ենթարկվենք գործող օրենքին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Վեհափառ հայրը։

«Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որ արդարությունը հաղթող լինի։ Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը։ Բայց հավատարիմ ենք մնալու մեր սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,–ասաց նա։

Ընդգծեց` այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։

***

«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում և համապատասխան որոշում կայացվում. սա է սկզբունքը»,- այս մասին, այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով իշխանության մեղադրանքներին, թե Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։

«Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները առանձին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն և այլն։ Մեկ ատյան կա, դա եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ և նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։ Այնպես որ, եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում հայոց կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը և այդ կարգուկանոնի համաձայն գործի»,- նշեց կաթողիկոսը։

***

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադառնալով դիտարկմանը, որ 2018–ին, Նիկոլ Փաշինյանն իր ընտրվելուց հետո այցելում էր Ամենայն հայոց կաթողիկոսին, և հարցին, թե ո՞ր պահից խզում առաջացավ Եկեղեցու, Վեհափառի և գործող իշխանության միջև, ո՞րն էր խզման ու անջրպետի պատճառը, Գարեգին Բ–ն նշեց․ «Ինչպես գիտեք տակավին 2018 թվականին, երբ իշխանության եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գլխավորությամբ տիար Նիկոլ Փաշինյանի, այդ շարժման ընթացքին արդեն ձևավորվեց հակակաեկեղեցական շարժում՝ Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Զավթեցին դիվանատան շենքը, զանազան գործողություններ իրականացրին, բայց հետո դադարեց այդ շարժումը, և ձևավորվեցին գործնական հարաբերություններ իշխանության հետ։

Կդժվարանամ ասել, թե ինչու և երբ հարաբերությունները լարվեցին Եկեղեցու և իշխանության միջև։ Իշխանությունն ունի հստակ մի համոզում, որը արտահայտվել է եպիսկոպոսների հետ վարչապետի հանդիպման ընթացքում վարչապետի կողմից։ Այդ արտահայտությունը հետևյալ է. «Երբ եկեղեցին պատմության ընթացքում եղել է զորեղ, վտանգ է հանդիսացել հայոց պետականությանը»։ Սակայն շարունակվել է մեր աշխատանքը, մեր գործունեությունը, և հանկարծ ինչ-որ պահի գործողություններ են սկսվել Եկեղեցու դեմ կիրառվել։

Ինչպես գիտեք, տարիներ առաջ դուրս դրվեց կրթական ծրագրից Հայ եկեղեցու պատմության առարկայի ուսուցումը։ Ամիսներ առաջ դադարեցվեց բանակում հոգևոր առաջնորդության գործունեությունը։ Խոչընդոտվեց եկեղեցու սպասավորների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում։ Արգելվեց «Շողակաթ» հեռուստատեսության հեռարձակումը ։ Այս բոլոր դժվարությունները, չգիտեմ, եթե նաև ինչ-որ չափով պայմանավորված են մեր կողմից դրսևորված այն մոտեցման հետ, որ մենք Արցախից տեղահանված մեր զավակների իրավունքների պաշտպանության հարցն ենք բարձրաձայնում տարբեր մակարդակների վրա, ինչպես նաև գերեվարված մեր զավակների և մեր հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման հարցերի առնչությամբ»։

***

«Բագրատ սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված, երբ Կիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ: Այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցական շրջանակում: Եվ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը: Եվ մենք Բագրատ սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը:

«Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ, այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը: Հետո արդեն տեղի ունեցավ Բագրատ սրբազանի ձերբակալություն, բայց այն մեղադրանքները, որ Բագրատ սրբազանի նկատմամբ առաջադրվում են, անհիմն են: Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ սրբազանին. նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է»,-ընդգծեց Վեհափառը։

***

«Եկեղեցին հարկատու է և հարկեր վճարում է»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունն անընդհատ ուզում է հարկային դաշտ բերել Եկեղեցուն։

«Սակայն գույքահարկի վերաբերյալ առանձին հանձնաժողով ստեղծվեց, թե որ գույքերի համար պետք է հարկ սահմանվի։ Այդ գործընթացը դադարեցվեց, և այսօր արդեն կամայական կերպով մեզ փաստաթղթեր են ներկայացնում, որտեղ ոչ միայն գույքահարկն է հաշվարկված, այլ նաև տույժերը և տուգանքները։ Մենք այդպիսի մի գրություն ստացել ենք Վաղարշապատ համայնքից»,- նշեց Վեհափառ Հայրապետը։

Նա նաև հավելեց, որ եկեղեցին հարկ է վճարել նաև մոմերի արտադրության հումքի դիմաց․ «Թեև մինչև այս պահը այդ հումքի համար նման վճարում չի եղել։ Այն ազատված էր եղել հարկից, բայց արդեն, որքան որ տեղեկացված եմ, փոփոխություն է կատարվել օրենսդրության մեջ, և մոմերի պատրաստման նյութը արդեն չի դիտվում որպես ծիսական առարկա և ենթակա է հարկման»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее