Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ։
Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունները, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։
Առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել տարբեր ընկերությունների իրավասու անձանց գործողություններում, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
05.09.2018 թ. դրությամբ՝ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության կողմից՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 10.000.000.00 ՀՀ դրամ, «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն ՓԲ ընկերության կողմից` 22.005.000.00 ՀՀ դրամ, «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից` 40.000.000 ՀՀ դրամ գումար:
Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև էական վնաս և ծանր հետևանքներ առաջացրած, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր:
Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: