▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի համար «Լաքշերի վոյաժը» 12 միլիոն 465.000 դրամով ուղետոմսեր է ձեռք բերել

168.am-ը գրում է. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։

 

Այս նպատակով Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների ձեռքբերման հերթական մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիրը։ Պայմանագրի գին է նշվել 12 միլիոն 465.000 դրամը։

Գումարի շրջանակում, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացված պայմանագրի, Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան 9 տոմս է ձեռք բերվել, որոնցից 8-ը՝ էկոնոմ դասի, 1-ը՝ բիզնես։ էկոնոմ դասի 8 տոմսերից 7-ի դեպքում 1 տոմսի արժեքը հաշվարկվել է 585.000 դրամ, 1-ինը՝ 720.000 դրամ, իսկ բիզնես դասի տոմսի արժեքը՝ 7 միլիոն 650.000 դրամ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք մեկնելու են Լոս Անջելես։

 

168am-ը ծառայությունները մատուցած ընկերությանը՝ «Լաքշերի վոյաժ»-ին, առանձին հրապարակմամբ ավելի վաղ անդրադարձել էր,նշելով, որ 2012 թվականին գրանցված այս ընկերության ակտիվությունը պետգնումներում նկատելի է 2023 թվականից։

Ըստ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝  ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2015 թվականից պատկանում է Լիանա Դավիդյանին, տնօրենը նրա քույրն է՝ Աննա Դավիդյանը։

armeps համակարգի համաձայն՝ 2023 թվականից մինչև 2024 թվականի նոյեմբերը ներառյալ՝ ՍՊԸ-ի հետ կնքվել է 10 պայմանագիր, որոնցից 7-ը՝ ոչ մրցակցային մեկ անձից գնման եղանակով, 2-ը՝ դրամաշնորհի, և միայն 1-ը՝ էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով։

Հիմնական պատվիրատու պետական գերատեսչությունը Երևանի քաղաքապետարանն է՝ 7 պայմանագրով, 2 պայմանագիր կնքել է Էկոնոմիկայի նախարարությունը, և ևս 1-ը՝ վարչապետի աշխատակազմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее