ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող դեղատներից մեկի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:
2016 թվականի ապրիլի 18-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 52 հասցեում գործող դեղատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, դիմակավորված անձը մտել է դեղատան սրահ և դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դեղատան աշխատակցից գումար պահանջել, ապա դրամարկղից հափշտակել առկա գումարը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հաշվառված է Ալավերդի քաղաքում, 38 տարեկան է: Վերջինս հայտնաբերվել է և ապրիլի 19-ին ձերբակալվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավազակային հարձակում դեղատան վրա. կասկածյալը ձերբակալվել է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet