ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող խանութներից մեկը և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել սեփականատիրոջ նկատմամբ:
Մասնավորապես՝ օղու շշով հարվածել է վերջինիս գլխին, ով սկսել է բղավել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի: Դեպքի առթիվ սեպտեմբերի 26-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Նույն օրը խանութի սեփականատերը ճանաչվել է տուժող: Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդ։
Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: