Փաստինֆոն գրում է. Պարտադիր ժամկետային զինծառայողի գործողությունների հետևանքով խախտվել են երկրի անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, խախտվել են զինծառայողների կողմից հատուկ պարտականությունների իրականացման սահմանված կարգը:
Նախաքննական մարմինը նաև եզրակացրել է, որ զինծառայողի գործողությունների հետևանքով մարտական դիրքի մարտունակությունը կազմալուծվել է, բավականաչափ ժամանակ ողջ մարտական դիրքը հայտնվել է անվերահսկելի վիճակում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Իսկ ծանր հետևանքները, քրեական գործի տվյալներով, առաջացել են N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արթուրի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինն անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու հետևանքով:
Դրա շարժառիթը, ըստ մեղադրական եզրակացության, իրեն ծեծի ենթարկած, մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցներից վրեժխնդիր լինելն է:
Ըստ մեղադրական եզրակացության` պարտադիր ժամկետային զինծառայողը հիշյալ շարժառիթով, ուղղակի դիտավորությամբ ցանկացել է սպանել այդ պահին գետնատնակում քնած զինծառայողներ Նարեկին, Դավիթին, Սամվելին,Կամոյին, Նիկոլային, Գոռին, Արմենին եւ երկու Տիգրաններին:
Այդ դիտավորությունն իրականացնելու նպատակով նա գետնատնակից վերցրել է քնած զինծառայող Արմենին կցված նռնակը, դուրս եկել գետնատնակից, քաշել նռնակի ապահովիչ օղակը և նռնակը նետել գետնատնակի մեջ:
«Արթուրն իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի կարողացել հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով ոչ ոք չի մահացել, սակայն զինծառայողներին պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Զինծառայողներից վեցին նույնպես մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք «զինվորական ծառայության կատարման հետ չկապված ծեծի են ենթարկել սերժանտին` ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին»:
Իսկ երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, տեղյակ լինելով Արթուրի և մյուս զինծառայողների միջև վիճաբանության մասին, դրսևորել են անգործություն, այն է` դեպքի մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում