Միայն վերջին 1 ամսում Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել 4 հայ կին, որոնցից մեկը՝ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը, սեփական բնակարանում դաժանորեն սպանվել է: Արդյոք սա հայատյացության նոր ալի՞ք է Թուրքիայում, ո՞վքեր են մեղավոր և ո՞վքեր պետք է կանխեն այդ հանցագործությունները: Այս և այլ հարցեր ASEKOSE.am-ի թղթակիցը քննարկել է թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ:
- Պրն Շաքարյան, ըստ Ձեզ՝ ի՞նչն է ընկած հանցագործությունների այս ալիքի հիմքում:
- Այստեղ միանշանակ ազգային, հակահայկական խտրականություն կա: Այստեղ ես տեսնում եմ նաև պետության մեղավորությունը, պետության ձեռագիրը, որովհետև մթնոլորտը շիկացվել է պետության թույլտվությամբ: Չէի ասի, թե պետությունն է պատվիրել, բայց թույլատրել է: Սա երիտասարդական ազգայնականների խմբի կամ խմբերի ձեռքի գործն է, որը որոշել է հայերի շրջանում վախի մթնոլորտ սփռել: Թուրքիան մեղավոր է ոչ թե դա կազմակերպելու համար, այլ` դրա վրա աչք փակելու, ոչ թե սպանելու համար, այլ` դա թույլ տալու: Հատկապես տարեց կանանց վրա են հարձակվում, որովհետև տարեց կանայք ամենաթույլ թիրախն են: Ամենադյուրին զոհը իրենք են: Սովորաբար նրանց ինչ-որ տեղ գնալիս չեն ընկերակցում, միայնակ են լինում:
- Կարո՞ղ ենք սա Թուրքիայում հայատյացության նոր ալիք կոչել:
- Սա, միանշանակ, հայատյացության նոր ալիք է, որը աջակցություն է ստանում տեղի կառավարության կողմից: Սրանով թուրք ազգայնական ուժերը նախապատրաստվում են 2015 թվականին, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Նրանք ուզում են ցույց տալ` որքան էլ ՀՀ-ն այդ թվականին մեծ միջոցառում անի, այնքան Ստամբուլի հայերն իրենց պատանդներն են և կարող են վնաս հասցնել նրանց:
- Վերլուծելով դեպքերի ընթացքը՝ պարզ է դառնում, որ հարձակման ենթարկված բոլոր կանայք կանոնավոր հաճախել են առաքելական եկեղեցի և եղեկեցուց վերադառնալու ճանապարհին էլ հենց հարձակման են ենթարկվել: Կրոնական խտրականունթյուն տեսնու՞մ եք այստեղ:
- Այս ամենը կատարվում է ազգային-կրոնական խտրականության հողի վրա: Այսօր Թուրքիան ավելի շատ իսլամիստական պետություն է: Այստեղ հակաքրիստոնեական մթնոլորտ է:
- Թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ հանցագործությունների այս շարքի հեղինակը մեկ մարդ է: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ սա խմբակային կամ պատվիրած հանցագործությունները թաքցնելու միջոց լինի:
- Սա հաստատ մեկ մարդու ձեռքի գործ չէ, որովհետև սպանությունը նվազագույնը չորս հոգով է իրականացվել: Սա նոր երևույթ չէ Ստամուլում հայերի նկատմամբ, դեռ 1940-ականներից այս դեպքերը ալիքներով կրկնվում են: Բայց այդ ժամանակներում պետությունը կարողանում էր հեշտությամբ կոծկել այդ ամենը` թերթը չէր գրում, ռադիոն չէր ասում, նեղ հարևանական շրջանակից դուրս չէր գալիս այդ ինֆորմացիան: Բայց այսօր, երբ համացանց կա, այդ ինֆորմացիան հեշտությամբ տարածվում է: Բայց, միևնույն է, լինում են դեպքեր, որ կոծկվում են: Օրինակ` 2011 թվականի ապրիլի 24-ին հայ զինվորի սպանեցին, բայց մինչև հիմա այդ դեպքը կոծկվում է, նախորդ տարվա հոկտեմբերին և դեկտեմբերին, նույնպես, բռնություններ եղան, բայց նորից չբարձրաձայնվեց այդ մասին:
Ընդհանրապես` միջավայրը շատ բացասական է: Վերջերս էլ Թուրքիայում թուրք տաքսու վարորդները փորձել էին հայ կանանց առևանգել:
- Թուրքիայի մեջլիսում բարձրացվել է հայերի կանանց վրա այս հարձակումների հարցը: Հանցագործությունների դատապարտման առումով ի՞նչ սպասենք Թուրքիայի իշխանություններից:
- Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ թուրքական պետությունը, հատկապես` Ստամբուլի քաղաքապետարանը, պահակախմբեր կմտցնեն հայկական թաղամասեր, որոնք կհերթապահեն բնակչության անվտանգությունը ապահովելու համար: Բայց նույն Հրանտ Դինքի դեպքը ցույց տվեց, որ թուրքական պետությունը դա չի անի: Եթե Ստամբուլի քաղաքապետարանը ոտիկանության պահակախումբ չի տրամադրում, հայերն իրենք պետք է ինքնապաշտպանական քայլերի անցնեն: Պետք է հայերից բաղկացած խմբեր կազմեն և հերթապահեն:
Թուրքիայում հատուկ ծառայությունները շատ լավ են աշխատում և լավ գիտեն` ով ինչ է նախապատրաստում, ինչպես Հրանտ Դինքի սպանության դեպքում: Այսինքն` իրենք ամեն տեղ իրենց սեփական գործակալներն ունեն: Եվ այն, թե իբրև իրենք չեն բացահայտում վերոհիշյալ հանցագործությունները, չեն կարողանում կանխել հայ տարեց կանանց վրա հարձակումները, դա ցույց է տալիս, որ նրանք շատ լավ տեղյակ են այդ ամենից և թույլ են տալիս, որ դրանք կատարվեն, հստակ ծրագրեր ունեն` ահուսարսափի մեջ պահել Ստամբուլի հայությանը: Իսկ մթնոլորտի ավելի շիկանալու դեպքում զոհերի թիվը կարող է աճել: Մասնավորապես` Հայաստանից Թուրքիա գնացած և ապօրինապար այնտեղ բնակվող և աշխատող հայերի հաշվին, քանի որ վերջիններս իրենց դեմ բռնությունների համար ոստիկանությանը վախենում են դիմել` մտածելով, որ կբացահայտվի իրենց` այդ երկրում ապօրինի մնալը, անձնագիր չունենալը և դեպորտ կանեն Հայաստան կամ շատ մեծ կաշառք կպահանջեն: Ուստի` հաջորդ հեշտ թիրախը հայաստանցի աշխատանքային միգրանտներն են:
- Իսկ հայկական կողմից արձագանքեր պետք է լինե՞ն, թե՞ ոչ:
- Հայկական կողմն արդեն մեկ-երկու ցույց արեց: Բայց տեսականորեն դա Թուրքիայի ներքին գործն է: Հայաստանի իշխանությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն այս երկրի հետ, ուստի` այդ հարցը կարող է բարձրաձայնել ամեն առիթով միայն միջազգային ատյաններում: Պետք է ցույց տանք, որ սրանք պատահական սպանություններ չեն, այլ` կանխամտածված են և պլանավորված: Հստակ հակայակականություն ունեն իրենց մեջ: Թուրքիայից պետք է պահանջենք խիստ միջոցառումներ ձեռնարկել այդ սպանությունները կանխելու համար:
- Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարո՞ղ է այդ հարցի լուծմանը ինչ-որ կերպ աջակցել:
- Կարող է հայտարարությամբ հանդես գալ, Եվրամիությանը և այլ կառտույցներին, ԱՄՆ-ին կոչ անել ավելի խսիտ լինել, բայց ավելին անելի չի կարող:
- Իսկ միջազգային կառույցներից արձագանք սպասե՞նք:
- Մենք պետք է ակտիվ կերպով լուսաբանենք այդ ամենը, ոչ միան հայերենով և թուրքերենով, այլև` անգլերենով և այլ օտար լեզուներով, որպեսզի այս հարցին ծանոթանան նաև եվրոպական կառույցները և որպեսզի նրանց կողմից այս հարցի վերաբերյալ ճնշումներ լինեն: Թուրքերը այդ ժամանակ կանահանգստանան իրեն դեմքի, կերպարի համար և կփորձեն լուծել այդ հարցերը: Այս հարցում մեծ դեր կարող են խաղալ BBC-ն և The Wall Street Journal-ը: Նրանք կարող են մեծ աղմուկ բարձրացնել:
Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի