▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կան կայանված ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան բնակիչներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ 

Պարզվել է, որ այրվել է Անահիտ Գ․-ի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ «Lexus»-ներից մեկը ամբողջությամբ այրվել է, մյուսն էլ դարձել է ոչ շահագործելի։Այրվել են նաև կենցաղային իրեր, պատուհաններ և ջերմահարվել ավտոտնակի պատերը։ Բնակիչների ու հրշեջների աշխատանքի շնորհիվ հարևան տներ կրակի տարածումը կանխվել է ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոտնակը, որում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել պատկանում է Նոր Արեշում հայտնի «Սամիկոյին», ով Նոր Արեշում հայտնի գարեջրատներից մեկի սեփականատերն է, իսկ նրա տղան՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, այս տարի հուլիսի 9-ին Երևանում Էրեբունի փողոցում «Քաղաքացիացական պայմանագիր» կուսակցության մոտ կրակել է և հրազենային վնասվածք էր պատճառել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ին, իսկ ավտոմեքենաները Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վարորդինն են և այդ ավտոմեքենաները Միացյալ նահանգներից էին ներմուծվել Հայաստան։ Այս վերջին տեղեկությունը ոստիկանները պարզում են և հնարավոր է դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 9-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Տեղում ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝ փողոցում՝ հետիոտնի համար անցման վայրում, հայտնաբերել էին ատրճանակից արձակված 2 պարկուճ։

Դեպքի վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում էր վիրահատարանում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել էին, ում մոտ էր եղել նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացած վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее