Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ իրենց բժշկական կենտրոնի այգում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ տղամարդու դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել են հագուստներ:
Ըստ աղբյուրի՝ հավանաբար դրանք պատկանում են մահացածին:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը, սակայն այս պահին չեն հրապարակում, որպեսզի հարազատների միջոցով դիակի ճանաչում կատարեն:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: