Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 75 բժիշկների խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել է Վանթյան փողոցում գործող Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից, ում մոտ արդեն հիվանդանոցում սրտի կանգի հետևանքով բժիշկները արձանագրել են կենսաբանական մահը։
Շամշյանը հայտնում է, որ մահացածը նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է։