Նախորդ օրը ձեռքիս էր Վազգեն Սարգսյանի «Պատմության սկիզբն ու շարունակությունը» ընտրանին՝ Այդին Մորիկյանի խմբագրությամբ:
Այդինը հիվանդ էր, ծանր հիվանդ, երբ խմբագրում էր էս գիրքը: Բայց մտավորականի ու քաղաքացու, ընկերոջ ու եղբոր նվիրումով ավարտեց գործը:
Լույսը կհաղթի խավարին: Այդպես մտածում էր Վազգենը: Այդպես մտածում էր նաեւ Այդինը՝ բազմաթիվ անգամներ արժեւորելով մեծ հայրենասերի հիշատակը:
Անձամբ ինձ համար Հայաստանի նորագույն պատմությունն էմոցիոնալ բաժանում ունի, պայմանվորված չի նախագահների փոփոխությամբ կամ այլ իրադարձություններով: Իմ համար կա Արժանապատիվ Հայաստան՝ իր խորհրդանիշ Վազգենով եւ անՎազգեն Հայաստան՝ բովանդազրկված, սպառողական, լիմոնի պես ճզմված:
Ոչ մի պետական գործչի թերագնահատել չեմ ուզում, նրանցից յուրաքանչյուրն ունի իր ավանդը, բայց իմ Սպարապետի տեսակը բացառիկ է, նա է էս պետության աղը, նա է այն բարոյական սահմանը, որից էն կողմ երկիրս ինձ համար անճանաչելի է դառնում:
Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ Վազգենին անձամբ ճանաչել եմ, շփվել եմ էդ մեծ մարդու հետ, տեսել եմ նրա ուրախությունը, երբ քարը քարի վրա դրվելով պետություն էր կայանում, տեսել եմ նրա խստությունը, երբ մեկը պետությունը նույնացնում էր անձնականի, մասնավոր հետաքրքրության հետ:
Մեկ-մեկ մտածում եմ, որ Աստված Վազգենին հենց մեր ժամանակներում պիտի ստեղծեր, որ պատերազմ հաղթեինք, որ իմ սերնդի տղերքը արժանապատիվ, թասիբով դաստիարակվելու հնարավորություն ունենային:
…Էն անիծված օրը՝ հոկտեմբերի 27-ին, դեռ չէի հասկանում, որ պետություն եմ կորցնում ու հետո՝ ամիսներ ու տարիներ անց, իմ փայ պետությունը փնտրելու եմ Եռաբլուրում՝ Վազգենից ստանալով անհամար հարցերի պատասխաններ:
…Կարոտել եմ Վազգենին. նա չկա մեռելների մեջ, որովհետեւ հավերժությունն անմահ է: Նա չկա ողջերի մեջ, որովհետեւ էդ բացառիկությունը Աստված շնորհել է միայն նրան:
Էս պետությունը նմանվել է առյուծը կորցրած անտառի, որում տերուտիրականը շակալներն են՝ որձի տեսակը չճանաչող, որձի գլուխը կորցրած:
Էդ շակալները պատմություն կերտել, արարել չեն կարող. նրանք պատմություն հորինող են, Հաղթանակ մսխող:
Վազգենից հետո ոչ մեկ չի հավատում նոր հաղթանակի, ուրեմն՝ Հաղթանակի էֆեկտն այլեւս չի աշխատում, մայիսն էլ մի տեսակ այլ ընկալում է ստացել. կարծես հիշատակի ամիս լինի:
… Մի օր Եռաբլուրում հասկացա, որ ուրախ չեմ, որովհետեւ գլուխ էի խոնարհում ոչ միայն հերոսացած տղերքի շիրիմներին, այլ՝ Հաղթանակ գաղափարի: Կներե ք տղերք, ձեր Սպարապետին պաշտպանել չկարողացանք, Ձեր կերտած Հաղթանակը մսխեցինք…
…Այդինն էլ խռովեց էս անբովանդակ, անՎազգեն Հայաստանից ու հեռացավ:
Այդինը բանալի էր, որով Վազգենին չճանաչողները բացում էին նրա հոգու գեղեցիկ, անտեսանելի գաղտնիքները:
Ֆանտաստիկ, անբացատրելի հոգեւոր կապ կար Վազգենի ու Այդինի միջեւ: Հաճախ, երբ ուզում էի կռահել, թե էս կամ էն հարցի շուրջ ինչ կմտածեր Վազգենը՝ Այդինի հետ էի զրուցում: Ոչ մեկ էնքան Հայաստանը չէր ճանաչում ու սիրում, որքան՝ Այդինը: Ոչ մեկ էնքան Վազգենին չէր ճանաչում ու արժեւորում, որքան՝ Այդինը:
…Էսօր Վազգենն ու Այդինը իրար հետ են՝ որբացած թողելով էս երկիրն ու քաղաքը։
Բայց քանի մարդիկ նրանց հիշում են՝ Հոգեւոր, Արժանապատիվ Հայաստանի կայացման հեռանկարը հաստատ է: