▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյանի ծրագրով կրթվեցի՞ք...պաշտոնների էդ հանդիպումների մասնակիցների՞ց եք առաջադրելու»

«Աննա Հակոբյանի ծրագրին մասնակցելով կրթվեցի՞ք...Սրանից հետո բարձրագույն պաշտոնների համար  բացառապես էդ հանդիպումներին մասնակցողներին եք առաջադրելու՞»․ Քրիստինե Վարդանյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին

«Իշխող ուժն անգամ իր համար է նոր նշաձող սահմանել. ԲԴԽ-ի թեկնածու է բերել մեկին, ով այնպիսի հայտարարություններ է արել, որ չենք էլ կարող կարդալ՝ ցույց տալու համար իր արժեհամակարգը, որովհետև ոչ ցենզուրային լեքսիկոն չենք օգտագործում»,- ԲԴԽ անդամի թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Պատգամավորը, դիմելով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին, հարց ուղղեց. «Աննա Հակոբյանի կրթական ծրագրին որ մասնակցում էիք, կրթվեցի՞ք: Բարձրագույն պաշտոնների համար բացառապես այդ հանդիպումներին մասնակցողներին եք առաջադրելո՞ւ: Դուք ներկայացնում եք այն արժեհամակարգը, որով առաջնորդվում է ՔՊ-ն»: Վարդանյանը համոզմունք հայտնեց որ բոլոր նրանք, ովքեր կողմ են քվեարկելու Ալեքսանդր Սիրունյանին, կիսում են նրա արած արտահայտությունների պատասխանատվությունը:

***

«Մի քանի գնահատականներից ելնելով՝ այսօրվա ԲԴԽ անդամի թեկնածուն չի համապատասխանում, անընդունելի, անհամատեղելի է նրա՝ ԲԴԽ-ում գտնվելը»,- Աժ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին նա կուսակցության անդամ է և, դատական խորհրդի անդամ լինելով, չի կարող կուսակցության, իշխանության տված ցուցումները չկատարել: «Պարոն Սիրունյանը քաղաքացիական զսպվածության պահպանման մեջ մեծ թերություններ ունի. անհատական պահվածքը՝ ատելություն սերմանելը, գրառումները»,- նշեց Օհանյանը և խոսք ուղղեց Սիրունյանին. «Պարոն Սիրունյան, դուք ասում եք, որ կոլեկտիվ էջ ունեք, էդ կոլեկտիվ էջում գլուխ էիք պահո՞ւմ: Ինչո՞ւ չէիք վերահսկում: Իրականում տարբեր գրառումներ ապացուցում են, որ ատելության խոսքը դուք իրականացրել եք: Դուք ձեզ հակասում եք. մի կողմից նույն ազգամիջյան՝ արցախյան և այլ հատվածներ, ատելություն սերմանելը, մյուս կողմից ասում եք, որ «իմ մայրը Արցախից է»: Այդ դեպքում ի՞նչ վիճակում եք եղել այդ գրառումները իրականացնելիս»:

***

«ԲԴԽ է գործուղվում մի մարդ, ով ոչ միայն ատելության խոսքի հսկայական մի բարձր «պլանկա» է սահմանել, այլ նաև շարունակում է այդ վարքագիծը. ոչ մի զղջման խոսք»,- ԱԺ ամբիոնից ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին: «Այդքանից հետո, երբ որ ՔՊ-ն, ով հանդես է եկել առաջարկությամբ՝ թեկնածուին ներկայացնելու, շարունակում է պաշտպանել այս մարդուն»,-նշեց Մինասյանը և ընդգծեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է Սիրունյանի բարեվարքության եզրակացությունը: «Այդքանից հետո, եթե դուք շարունակում եք պնդել, նշանակում է ձեզ համար չկա ոչ մի անկախ կառույցի գնահատականի անհրաժեշտություն, ոչ մի հասարակական սեկտորի կողմից տրված տեսակետ: Ձեզ համար կա նեղ խմբային ինչ-որ հատվածի շահերը սպասարկելու բացառիկ ձգտում»,- ասաց Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее