««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «3 կարևոր նորություն «Անկախ դիտորդ» դաշինքից
1. Դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
2. Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
3. Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»։