«Նոր ալիքով» դիտեցի Մերի Մնջոյանի կատարումը։ Ինչ խոսք, ձայնային տվյալները խոսուն են։ Սակայն թե՛ երեկ, թե՛ այսօր ինձ զայրացրեց մի իրողություն, որի անունը, ինչքան էլ չուզենամ խոստովանել, մի անպատվաբեր բառ է՝ ստրկահաճություն, որի պատասխանատուն տվյալ դեպքում ոչ միայն և ոչ այնքան Մերին է, որքան այդ մրցույթին նրան նախապատրաստող և ուղարկող ողջ անձնակազմը։ Երեկ նա հանդես եկավ, այսպես կոչված, մեր երկրի "հիթով" (հայերեն բառապաշար խցկված ապուշ բառ), որը ոչ ավել, ոչ պակաս՝ "Տվայի սլեդի"-ն էր. հետո՞ ինչ, որ հեղինակը Առնո Բաբաջանյանն է։ Դա բնավ մեր երկիրը ներկայացնող մշակութային անձնագիր չէ։ Այսօր էլ ելույթ ունեցավ Հայկոյի երգով. բան չունեմ ասելու, երգեր էլ է գրում այդ տղան, երբեմն՝ նույնիսկ հաջող։ Բայց միջազգային մրցույթի ուղարկող հանձնաժողովը արդյո՞ք ինձնից՝ ոչ երաժշտիցս, վատ է ճանաչում մեր արժանավոր կոմպոզիտորներին։ Համենայն դեպս, ներկայացված երգում մեղեդայնության մեծ պակաս կար (երգի խոսքի մասին էլ արդեն հարկ չեմ համարում արտահայտվել. մեր մխիթարությունը երևի միայն այն է, որ այլազգիները բարեբախտաբար հայերեն չգիտեն)։ Սակայն հունից հանողն ամենից շատ այն է, որ առաջին անգամ հնչող, ծագմամբ իբր ազգային երգը, դեռ չծնված, կեսից ռուսաբառ է դառնում. ա՛յ սա՛ է ստրկությունը։ Ամենից արդար գնահատականը Տոտոյինն էր՝ 8 միավոր. այդ նույն գնահատականը նա երեկ տվեց թուրքին ու վրացուն, այսօր՝ հային։ Երեք դեպքում էլ՝ արդարացիորե՛ն...
Ֆեյսբուք