«Հայրի՛կ, իմ սիրելի հայրիկ, շնորհավոր ծնունդդ:
Քեզ հղված լավագույն բարեմաթանքը հոգուդ խաղաղությունն է:
Դու ռազմի դաշտ գնացիր ու ետ էլ չնայեցիր: Կարծում ես մոռացե՞լ եմ: Հրաժեշտ չտվեցիր... Ուզեցիր միշտ սպասե՞մ... Գիտե՞ս ինչ դժվար է սպասումը:
Տեսնես ի՞նչ մտածեցիր: Ինձ հիշեցի՞ր: Ես քեզ այնքան եմ կարոտել: Ես քո կարիքն այնքա՜ն եմ զգում: Արդեն 7 տարի է՝ ինձ չես համբուրում: Քանի որ հայրենիքդ ինձանից թանկ էր, դու նրան ընտրեցիր: Ասում էիր՝ «Աստված, Ազգ, Հայրենիք»: Իսկ ե՞ս. Ես որտե՞ղ տեղավորվեմ:
Ասում էիր՝ մենք միասին կհաղթենք չարերին:
Ուղեկցի՛ր ինձ, հա՛յր, օգնի՛ր ինձ իմ կյանքի ճանապարհին:
Ես էլ զինվորի մայր կդառնամ, բայց որդուս բանակ ճանապարհելիս կօրհնեմ և անփորձանք ծառայություն կմաղթեմ:
Որովհետև վստահ եմ, որ նա անպայման կվերադառնա:
Նա իմ հոր, իմ և իր հայրենիքն ապրելով պիտի պաշտպանի:
Ես հավատում եմ քեզ: Ես գիտեմ՝ ամեն ինչ կանենք, որ մեր կյանքի հեքիաթներում է՛լ չար մարդիկ չլինեն: Հայր, խնդրում եմ, ասա ինձ,ասա, որ ես քեզ համար ավելի թանկ էի, այնքան թանկ, որ նույնիսկ կյանքդ զոհեցիր՝ ինձ հայրենիք տալու համար։
Շնորհակալ եմ: Դուստրդ՝ Գոհարիկ»
03.12.1996թ.
«Պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի, նախ հոգին պետք է ազատել շղթաներից»:
«Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»:
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»:
«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը»:
Մովսես Գորգիսյան
Այսօր ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը կդառնար 52 տարեկան:
Մովսես Գորգիսյանը դարձավ Անկախության առաջին սերմնացանը, ազատատենչ հայ ժողովրդի միասնության մարմնացումը և խորհրդային կարգերի արգելքներից հետո առաջին անգամ հպարտորեն ծածանեց Հայոց Եռագույնը:
Նրան ոչ ոք չկարգեց առաջնորդ: Նա այդպիսին էր ի ծնե: Նրան հավատացին ու հետևեցին:
18 տարեկանում անդամագրվել է Խորհդդային Միությունում գործող միակ ընդհատակյա Ազգային Միացյալ Կուսակցությանը /ԱՄԿ-ին/, որի առաջնահերթ նպատակն էր Հայաստանի անկախ պետականության վերականգնումը :
1987թ-ին ԱՄԿ-ի 5 նվիրյալներ, ստեղծեցին Ազգային Ինքնորոշում Միավորումը /ԱԻՄ/, և քաղաքական պայքարը ընդհատակից դուրս բերեցին բացահայտ գործունեության:
«Պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի, նախ հոգին պետք է ազատել շղթաներից»,- ասում էր Մովսեսը և վանելով հոգու կապանքները, հայ մարդու մեջ սերմանում էր ազատության տենչը:
Անուրանալի է նրա դերը ազգային-ազատագրական պայքարում: Հանրահավաքներին նրա ելույթները հնչում էին համոզիչ, ազդեցիկ և գրագետ: Օժտված էր մարդկանց համախմբելու բացառիկ կարողությամբ: Նրա շուրջը հավաքվում և բռունցքվում էին տարբեր գաղափարների տեր մարդիկ:
1990-ի հունվարին Երասխավանի բախումները ազդարարեցին հայ-ադրբեջանական պատերազմի սկիզբը: Մովսեսի առաջին մարտը դարձավ նաև վերջինը…
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան