Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Նարեկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. հոկտեմբերին` հորեղբոր մահվան հաջորդ օրը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժանմունք, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ և հարկադրել են խոստովանել, թե, իբր, ինքն է ծեծի ենթարկել ծանր մարմնական վնասվածքներից մահացած հորեղբորը:
Այնուհետև ոստիկանները իրեն ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնի քննիչին, ով, խոստանալով, որ խոստովանական ցուցմունք գրելու դեպքում ազատ կարձակվի, իրենից կորզել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք՝ հորեղբորը ծեծի ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: