Բավական ժամանակ է, ինչ խորհրդարանում բուռն քննարկումների ու դժգոհությունների առիթ է տվել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների վզերից հավատարմագրման վկայականը՝ բեյջը, կախելու պահանջը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, եթե ոչ անձամբ, ապա իր ենթականերին հանձնարարում է հետևել, թե որ լրագրողն է բեյջը կախում, որը՝ ոչ, իսկ առանց բեյջի լրագրողներին, ըստ ԱԺ-ում տարածված լուրերի, նույնիսկ տեսա և լուսանկարահանում են: Թե ինչ նպատակով` անհայտ է, որքան էլ փաստը զավեշտալի լինի:
Ի դեպ, ԱԺ միջանցքներում նաև խոսում են, թե խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին ` համապատասխան վարչության աշխատակիցներն անձնական-մտերմիկ զրույցների ընթացքում, երբեմն, «շեղելով» թեմայից` «այլ» հարցեր են տալիս ու ձայնագրում` կրկին` անհասկանալի նպատակներով:
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները կես կատակ-կես լուրջ ասում են, որ խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն իրենց վրա «դոսյեներ» է հավաքում:
Կրկին` կես կատակ-կես լուրջ. չորրորդ իշխանության ներկայացուցիչներից շատերը կատակում են, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների բեյջերում «ժուչոկ» կա:
Լրագրողները հույս ունեն, որ ԱԺ որևէ նախագահի կամ լրատվական ծառայության ու լրագրողների միջև չեղած այս աննախադեպ հակասությունը կվերանա:
Լուսանկարում`լրագրող Վահե Մակարյանն է, ով յուրահատուկ ֆլեշմոբ էր արել ու որոշել էր, մեջբերում ենք` «ԱԺ այս նոր, խայտառակ տեսքով, գույնզգույն, չափազանց մեծ ու անհարմար բեյջը կրել մեջքիս, որը բողոքի ու դժգոհության յուրահատուկ տարբերակ էր, ակցիայի կամ ֆլեշ-մոբի նման մի բան»: