Մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ինչպես նաև՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խմբի հետ օպերատիվ-քննչական համալիր աշխատանքների արդյունքում՝ իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանին:
Այս մասին գրում է shamshyan.com-ն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մայիսի 8-ին Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարանում առանձնակի դաժանության եղանակով 23-ամյա Մարյամ Հունանյանին սպանելու, այնուհետև դին հրկիզելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հանցագործությունը բացահայտելու համար Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից ստեղծվել էին օպերատիվ մի քանի խմբեր, ովքեր պարզում էին սպանվածի բարեկամական, ընկերական, աշխատանքային միջավայրում գտնվող անձանց ինքնությունները, քանի որ Մ. Հունանյանը որպես մատուցողուհի աշխատել է Երևանում գործող մի քանի ռեստորանային համալիրներում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որով Դ. Թամրազյանը սառնասրտորեն կտրել է երիտասարդ աղջկա կոկորդը, որից հետո դին այրելով դուրս է եկել բնակարանից և այնտեղից հեռացել տաքսիով: Հայտնաբերվել է նաև տաքսու վարորդը և նրա ավտոմքենան, որով սպանությունը կատարելուց հետո Դ. Թամրազյանը հեռացել էր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, դանակն առգրավված է, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային: Գ. Շամշյանը հայտնում է, որ քննիչի կողմից ձերբակալված Դ. Թամրազյանը աշխատում է Ջրվեժ թաղամասում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանում՝ որպես խոհարար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ մայիսի 8-ին Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության փաստով: Կեսգիշերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր էին ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր բնակարանում հայտնաբերել էին երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում:
Փրկարարների կանչով դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, նրա տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արտակ Կարապետյանը, նույն ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի պետ Աշոտ Կոստանյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ արդեն առավոտյան Մաշտոցի ոստիկանները պարզել էին, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով: