Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի և նրա մոր՝ Աղավնիկ Ալթունյանի հայտարարագրերը։
Հիշեցնենք, որ 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, իսկ 2019-2020 թվականներին նախարարի պաշտոնը։ Բաթոյանը պաշտոնանկ է արվել 2020-ի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, իսկ 2021-ի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի համամասնական ցուցակով։
ՕրագիրՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Որպես անշարժ գույք՝ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը գնել է 2014 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։
Զարուհի Բաթոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10 մլն 423․677 դրամ, 500 դոլար և 335 եվրո, տարեվերջին՝ 12 մլն 069․825 դրամ, 500 դոլար և 335 եվրո։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
Հաշվետու տարում Բաթոյանի եկամուտները կազմել են 11 մլն 327․539 դրամ, որից 10 մլն 107․843 դրամը Ազգային ժողովից, 72․760 դրամը՝ Սեռական և վերարտադրողական իրավունքի եվրպական պառլամենտական ֆորում ստացած աշխատավարձն է, 587․936 դրամը՝ կենսաթոշակը, իսկ 559․000 դրամը Արդշինբանից ստացած այլ եկամուտը։
Պատգամավորի մայրը՝ Աղավնիկ Ալթունյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականի ապրիլի 14-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։
Վերջինս 25 հազար դրամ անվանական արժեքով բաժնեմաս է հայտարարագրել մի ընկերությունում, որի անունը չի նշվում, իսկ գործարքի մյուս կողմը Արտավազդ Մաչյանն է։
Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 12 մլն դրամ արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել 14 մլն դրամ։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 230 հազար դրամ, տարեվերջին՝ 971 դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել 1․5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 300 հազար դրամ։
Աղավնիկ Ալթունյանի տարեկան եկամուտները կազմել են 2 մլն 039․247 դրամ, որից 1 մլն 380․657 դրամը Ինեկոբանկին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն և այլ հատուցումն է, 501․000 դրամը՝ կենսաթոշակը, իսկ 157․590 դրամը Ռեգո Ինշուրանս ընկերությունից ստացված ապահովագրական հատուցումն է»։