▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19 ոստիկանների ուժերով հայտնաբերվել է ապակին կոտրած աշակերտը

armcomedy.com-ը գրում է. Այսօր պարզ դարձավ, որ ոստիկանության N բաժանմունքի աշխատակիցերի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 8-ի Ա-ի Վազգենյան Հարությունը (անունն ու ազգանունը տեղերով փոխված են ձերբակալվածի շահերից ելնելով – խմբ.): Կապիտան Մակրոպյանը անձամբ էր ղեկավարել հանցագործի հայտնաբերմանն ուղղված օպերացիան.«Սկզբում շատ լուրջ մի հարց էր դրված. փորձել գտնել հանցագործին սեփական ուժերո՞վ, թե՞ օգնություն խնդրել կարմիր բերետավորներից»: Մակրոպյանը, վստահելով սեփական բաժնի տղաներին, ընտրեց առաջին տարբերակը: 6 ոստիկանական, 4 ճանապարհային ոստիկանության, 2 ջրցան, 1 շտապօգնության մեքենաներից բաղկացած խումբը ժամանեց դպրոց NN, որտեղ և կոտրվել էր ռազմավարական կարևորություն ունեցող պատուհանը:
«Ունեինք հստակ տեղեկություն, որ պատուհանի ոչնչացման ետևում կանգնած երիտասարդը անցել է ընդհատակ` թաքնվում է բուֆետում», – պատմեց Մակրոպյանը,- «Տեսանք, որ նա իրենից գոհ խաչապուրի էր ուտում: Չգիտեինք` զինված է թե չէ, դրա համար նախ արցունքաբեր գազ նետեցինք բուֆետ»: Խառնաշփոթի մեջ ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել Վազգենյանին սեղանի տակ:

13 մեքենաներից բաղկացած շարասյունը հաշված րոպեների ընթացքում Վազգենյանին հասցրեց բաժին: «Անվտանգության համար ճանապարհին մեզ միացան 4 մոտոցիկլետավոր ոստիկաններ և մեկ ուղղաթիռ: Անընդհատ կար վտանգ, որ հանցագործ աշակերտը կփորձի փախչել, դրա համար պետք էր աչալուրջ լինել»: Բաժնում դպրոցականը խոստովանեց, որ ապակին կոտրել է հենց նա: «Այ էդ մասն ա ինձ մի քիչ անհանգստացնում…Շատ արագ խոստովանեց: Կարծես ինչ-որ մի ավելի կարևոր բան է ուզում թաքցնել», – նշեց Մակրոպյանը: Նախքան դատական նիստը աշակերտին կպահեն մենախցում` նվազագույնի հասցնելով փախուստի նրա շանսերը:

Նյութը սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее