ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել Երեւան քաղաքում գործող «18+» ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության եւս մեկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի հաղորդագրության համաձայն, ըստ քրեական գործի նյութերի` 19.05.2017թ.-ին` ժամը 01:30-ի սահմաններում,«18+» ակումբում սկսված վիճաբանության ընթացքում մի խումբ անձինք դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը եւ ծեծել միմյանց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ակումբի տարածքում ծառայություն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Ա. Ա.-ի եւ Հ. Ս.-ի, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի այլ ոստիկանների կողմից բռնի ուժ է կիրառվել միջադեպի մասնակիցներից Լ. Ղ.-ի, Մ. Ղ.-ի եւ Ա. Ս.-ի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները ձեռնաշղթաներ անցկացնելով` հիշյալ անձանց գցել են գետնին եւ բռնություն գործադրել, այնուհետեւ, նստեցնելով ոստիկանական ավտոմեքենան, ծեծի ենթարկել նրանց:
Լ. Ղ.-ի, Մ. Ղ.-ի եւ Ա. Ս.-ի նկատմամբ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների կողմից բռնություն գործադրելու առերեւույթ հանցագործության առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կատարված` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացվել է, Հատուկ քննչական ծառայությունում եւս մեկ քրեական գործ է քննվում «18+» ակումբի դիմաց տեղի ունեցած խուլիգանության եւ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու մեկ այլ դեպքի վերաբերյալ, որին դարձյալ մասնակցություն են ունեցել վերը նշված ոստիկաններ Ա. Ա.-ն եւ Հ. Ս.-ն, ովքեր, համաձայն վիճաբանության մասնակիցների ցուցմունքների, ծեծի են ենթարկել վերջիններիս եւ միջոցներ չեն ձեռնարկել ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող ակումբի աշխատակիցներին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ուղղությամբ: