▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշավոր կեցվածք կամ` «Հենց այնպես չե՞ն հաչում շները...»

2013-ի նախագահական ընտրությունների հետընտրական շրջանում բուռն քաղաքական ակտիվություն դրսեւորելուց հետո երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, կարծես, անհետացավ հրապարակից:

Ոչ միայն հրապարակից: Ամռանը պարզվեց մեկնել է ԱՄՆ ՝ «փող աշխատելու»:

Օգոստոսի վերջին մի պահ վերադարձավ Հայաստան եւ կրկին հայտնվեց հրապարակի հարթակում (ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին) եւ դարձյալ շատ թունդ հակաիշխանական-հակակառավարական բովանդակությամբ ելույթ ունեցավ:

Այնուհետ նորից մեկնեց Ամերիկա: Եվ արդեն կես տարի նրանից տեղեկություն չկար:

Տեւական բացակայությունից (լռությունից) հետո՝ նախօրեին Ռուբեն Հախվերդյանին տեսանք

«Ուրվագիծ » ծրագրի եթերում: Միայնակ չէր, իր երգերի գործիքավորող-կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հետ էր: Պարզ էր, որ խոսելու են ամերիկյան համերգների եւ այնտեղ թողարկված ձայնասկավառակի մասին:

Թեեւ, ենթադրելի էր, որ, այնուամենայնիվ, նա կանդրադառնա եւ կվերահաստատի անցած տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի, կառավարության եւ ընդհանրապես՝ իշխանությունների հասցեին հնչեցրած իր գնահատականներն ու տեսակետները, սակայն զրույցի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հախվերդյանը ցանկություն ու հավես չունի խոսել այդ թեմայով:

Մի տեսակ զգուշավոր կեցվածք էր որդեգրել:

Չնայած հայտարարեց. « Դե,էս կառավարությունից ինչ ունենք մենք պահանջելու, բացի մի բանից՝ հրաժարականից, ի ՞նչ ունենք պահանջելու » (այս մասին ասաց Անկախության օրը Նունե Եսայանի համերգի վերաբերյալ իրենից ակնկալվող գնահատականի շրջանակում) :

Սակայն, հաղորդման ավարտին մի այնպիսի բացահայտում արեց, որով արժեզրկվեց նրա կողմից կառավարության « հրաժարականի պահանջի» մասին արված հայտարարությունը: Էլ չենք խոսում՝ ինքն իրեն հակասելու մասին:

Զրույցի ընթացքում նաեւ պնդեց, որ ինքն ընդամենը մեկ անգամ է ելույթ ունեցել հրապարակում. «Ես ասել եմ, որ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին եմ կողմ, այլ դեմ եմ էս կառավարությանը »-նշեց երգահանը՝ վստահեցնելով, որ իր կարծիքը չի փոխվել այսօրվա կառավարության մասին.

«Որքան իրենք են փոխվել էնքան էլ իմ կարծիքն է փոխվել »:

Սակայն նկատենք, որ զրույցի ընթացքում միայն քննադատեց մշակույթի նախարարին: Ուրիշ ոչ մի անուն չտվեց: Անշուշտ, հետընտրական շրջանում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ անգամ է ելույթ ունեցել հրապարակի հարթակից եւ նաեւ մարզային հանդիպումների ժամանակ:

Ինչեւէ, այս ամենը լսելուց հետո, մեղմ ասած, զարմանքով իմացանք, որ առաջիկայում վարչապետը աջակցելու է Հախվերդյանին:

Այդ մասին երգիչն ասաց հաղորդման ավարտին՝ գոհունակությամբ տեղեկացնելով, որ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրեն երկու նոր ձայնասկավառակ թողարկելու համար:

Ծրագրի հեղինակի դիտարկմանը, թե. «Տես, դու քննադատում էիր իշխանություններին, բայց նրանք աջակցում են քեզ »՝ Հախվերդյանը այսպես հակադարձեց. « Եթե ինձ փող են տալիս, ես պտի սկսեմ հետույք մտնե ՞լ...Վարչապետը քաղաքի կենտրոնի տղա ա, գժվում ա Բիթլզի համար, իմ երգերը երգում ա մարդը»:

Ի դեպ, մեկ այլ բացահայտում էլ մյուս հյուրը արեց. Նարինե Զարիֆյանը ասաց, որ վարչապետը ցանկանում է երգել Հախվերդյանի համերգի ժամանակ:

Որքան հասկացանք, Հախվերդյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ համերգ էլ են նախատեսում կազմակերպել, որտեղ երգելու է նաեւ Տիգրան Սարգսյանը:

Ահա այսպիսի բաներ: Հետաքրքիր է, վարչապետը Հախվերդյանի ո ՞ր երգերն է երգելու: Գուցե «Նախագահական ընտրություննե ՞րը », կամ՝ «Արտագա ՞ղթը» Եւ կամ՝ « Շնե ՞րը »: Հիշում եք, չէ ՞, վերջին երգը. «Ես գիտեմ թե ովքեր են տերերը, ում ձեռքից են ուտում շները: Թեեւ միշտ կուշտ են տերերը, բայց սովից կատաղած են շները: Հենց այնպես չեն հաչում շները, ուշացրել են կերը: Կերակրե՛ք »:

Կարծում ենք, իր կողմից խոստացած շռայլ աջակցությունից հետո, այս երգը վարչապետի կատարմամբ բավական ակտուալ կհնչի: Ճիշտ է, մի քիչ ուշացրին «կերը» բայց ինչպես ասում են՝ «ամեն ինչ լավ է, երբ ամեն ինչ լավ է վերջանում »:

Այնուհանդերձ, արժե հիշեցնել Հախվերդյանի 2013-ի փետրվարյան ելույթներից մի քանի հատված.

«Մենք ասում ենք Սաշիկ, հասկանում ենք Սերժիկ կամ ասում ենք Սերժիկ, հասկանում ենք Սաշիկ: Մենք հավաքվել ենք, որպեսզի փրկվենք այս գայլերից՝ բառի բուն իմաստով: Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ, դա այնքան էլ էժան չի նստել իմ վրա բայց, համենայնդեպս, ես թքած ունեմ իրանց կարծիքի վրա: Ժողովուրդ ջան, ես իմ հույսը վերագտա»:

«Մենք դիմացանք ցուրտ ու մութ գիշերներին, էդքան արտագաղթ չկար, մենք դիմացանք փողերի մոնիպուլյացիաներին՝ դոլարային, բայց ժողովուրդը չդիմացավ անբարոյականությանը և, եթե կարելի է այսպես արտահայտվել, մեղմ ֆաշիզմին»:

«Սերժ Սարգսյանն էղել ա կոմսոմոլի քարտուղար: Կևորկովի օրոք, էն ժամանակ Ադրբեջանին էր պատկանում Լեռնային Ղարաբաղը: Եթե ինքը պաշտոնի բարձրանալու գնար, ուր պիտի գնար, պիտի տանեին Բաքու ինքն էլ ուրախությամբ կգնար: Ուզում եմ ասել, որ մի նախագահը, որ… Ես չեմ կարծում, որ ինքը «Ռանչպարների կանչը» կարդացել ա: «Ռանչպարների կանչը» Սուրբ գրքի հավասար գիրք ա մեզ համար: Եվ կարծում եմ, որ էդ իրա կոմսոմոլի մտածողությամբ, էդ իրա դերաբաշխումներով, նախարարներին ճանաչում եք, կրթության, մշակույթի և այլն… ինքը իրան շրջապատել ա իրեն քծնողներով, պրոֆեսիոնալներով չի շրջապատել» :

 

Ամեն դեպքում « պրոֆեսիոնալներից » մեկի աջակցությանը Հախվերդյանը ոչ միայն դեմ չէ, այլ՝ ուրախ է, որ միասին են երգելու:

 

Հեղինակ` Արեւ Լուսինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին