Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի օլիմպիական խաղերին:
- Արսե՛ն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին:
- Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց վնասվածքների: Մնացածը՝ Փարիզի գորգը ցույց կտա:
- Այս ընթացքում ի՞նչ նախապատրաստություն եք անցել, ինչի՞ վրա եք ավելի շատ աշխատել:
- Ուսումնամարզական շատ հավաքներ ենք անցկացրել, ֆիզիկական մեծ աշխատանք ենք կատարել, տեխնիկապես ենք փորձել բարելավվել: Եվրոպայի առաջնությունից հետո, եթե եղել են սխալներ, մարզիչների օգնությամբ փորձել ենք դրանք շտկել: Հուլիսի սկզբին ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Վրաստանում, ապա նորից մարզումները կշարունակենք Օլիմպավանում:
- Փարիզ-2024-ը ձեր երկրորդ օլիմպիական խաղերն են լինելու: Եթե հետհայացք գցենք, ինչը՞ չստացվեց Տոկիոյում: Ու այդ խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել՝ թե՛ որպես մարզիկ, թե ՛ որպես անհատ:
- Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցեցի շատ երիտասարդ տարիքում: Թույլ տվեցի սխալներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ: Այնքան էլ լավ չէի նախապատրաստվել, մարզումներս թուլացրել էի: Անկասկած, այդ խաղերից հետո շատ եմ փոխվել: Առհասարակ, երեք տարվա ընթացքում շատ բաներ են փոխվել թե՛ իմ կյանքում, թե՛ սպորտում, թե՛ բնավորությանս մեջ: Մարդն ամեն օր մի բան է սովորում ու հասունանում է: Հիմա ավելի վստահ ու հասուն գոտեմարտեր եմ անցկացնում: Հասկացել եմ, թե որտեղ եմ թերացել ու փորձել եմ դրանք ուղղել:
- Ինքնաքննադա՞տ եք:
- Կարծում եմ՝ յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր: Ամեն ինչ քո ձեռքերում է, ու պետք չէ մյուսներին մեղադրել: Եթե ինչ-որ բան սխալ ես արել, պետք է ուղղես:
- Փարիզի օլիմպիական խաղերը ձեզ համար ինչո՞վ են առանձնանում:
- Այս պահին նախապատրաստվում եմ այնպես, ինչպես աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անեմ լավագույնս հանդես գալու և բարձր արդյունքներ գրանցելու համար:
- Ձեր քաշային կարգում գրեթե բոլոր մրցակիցներին ճանաչում եք: Ինչպիսի՞ պայքար եք ակնկալում:
- Այո, բոլորին ճանաչում եմ, գրեթե բոլորի հետ գոտեմարտել եմ: Եղել է, որ հաղթել եմ, եղել է՝ պարտվել: Մրցման օրն ով ավելի լավ վիճակում եղավ, նա էլ կհաղթի: Հաղթելու է նա, ով այս տարիների ընթացքում ճիշտ աշխատանք է կատարել, չի թուլացել ու լավ է մարզվել: Ամեն ինչ ցույց կտա մրցագորգը:
Բլից հարցեր
- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
- Բեսիկ Կուդուխովի, որը, ցավոք, այլևս կենդանի չէ:
- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
- Նման խորհուրդներ շատ են եղել:
- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
- Լավ մարդ մնալ:
- Ձեր կյանքի կանոնները:
- Լինել ճշտապահ:
- Ինչի՞ց եք վախենում:
- Վախեր չունեմ:
- Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:
- Աստծուն:
- Ի՞նչ վերնագիր կունենար ձեր մասին գիրքը:
- Երևի՝ «Չհանձնվողը»: