ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից.
«Նիկոլական իրականությունը Հայաստանում իր խորքային ազդեցությունն է թողնում հայ հասարակության վրա, որի տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում շուրջ երեք տարի տևող մշտական, մեր առօրյայի մաս դարձած համազգային սթրեսին:
Հասարակության մի մասն անտանելի է համարում Փաշինյանի պատճառով և նրա կողմից ստեղծված և օր օրի խորացող աղետը հանդուրժելը և իր անհամաձայնությունը հայտնում է ամեն մի առիթով` փողոցում նրա շարասյանը հայհոյանքն այդ պահին փոխարինող սիգնալներով, ընդդիմադիր ակցիաներին մասնակցելով, ընտանեկան-ընկերական հավաքներին Նիկոլի մասին ամենահյութեղ և նատուրալիստական «ողջույններով» և այլն: Հասարակության մեկ այլ մաս չի դիմանում այդ քրոնիկական դարձած սթրեսին և ընտրել է սեփական խխունջի մեջ պարսպվելու մարտավարությունը: Այդ մարդիկ շարժվում են «փախուստ իրականությունից» հոգեբանական հնարքով, որը գուցե ժամանակավորապես լուծում է «օրվան» դիմանալու հարցը, բայց չի լուծում «դարդին» դիմանալու խնդիրը:
Երրորդ հատվածը տոտալ անտարբեր է երկրի կործանման reality show-ի նկատմամբ և ապրում է զուգահեռ իրականության խաբկանքի մեջ:
Ի տարբերություն երկրորդ խմբի, որը ցավից է պարփակվել ինքն իր մեջ, այս խումբն անառողջ пофигизм-ի դիկտատի ներքո է, և այս խմբում առավել շատ են 2018-ին Նիկոլին սատարած, դրա դառը պտուղները քաղած, բայց անձամբ չհամտեսած մարդիկ, որոնք հիմա գերադասում են ոտքի վրա արտաբերել «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ինքնամոլորությունը և անցնել առաջ:
Չորրորդ խումբն այն մարդիկ են, որոնք առ այս պահը դեռ սատարում են Նիկոլին և նրա վարած քաղաքականությունը: Այս խումբը բավականին խայտաբղետ է և միավորում է ինչպես իշխանական ֆալսիֆիկացիոն քարոզչության զոհերին, այնպես էլ գործող վարչախմբից օգտվող, կամ շատ ցածր սոցիալական և կրթական ցենզով կամ ազգայինի հանդեպ շատ բարձր ատելություն ունեցող մարդկանց:
Այլ է վիճակը երկրի քաղաքական դաշտում, որն ինչքան էլ բազմերանգ և պոլիմորֆ է, այնուհանդերձ ենթարկվում է դասակարգման և ունի սեփական կոորդինատային համակարգ, որի առանցքային ցուցիչը Փաշինյանի հանցավոր քաղաքականության նկատմամբ վերաբերմունքն է: Այդ իրողությունը կարելի է բնութագրել պարզ գծապատկերով, որի բևեռներում գտնվում են սիմվոլիկ անուններ կրող, սակայն դառը իրականությունն ամբողջությամբ արտահայտող «խուցն» ու «աղիքը»:
Գծապատկերի ձախ հատվածը հավաքական հականիկոլականությունն է, որի տակ պետք է հասկանալ ոչ թե Ն.Փ.-ի անձը, այլ, նախևառաջ, իր կողմից վարվող քաղաքականությունը: Անկախ նախկին փոխհարաբերություններից, առկա տարաձայնություններից, գաղափարական տարբերություններից, այս թևը միավորում է, օրինակ, երեք նախկին նախագահների թիմերը, ժամանակին երեքն էլ՝ առանձին-առանձին, կամ բոլորին` ընդդիմության եղած ուժերին, նորաստեղծ քաղաքական նախաձեռնություններին: Միավորում է, բայց, ավաղ, առնվազն այս պահին չի համախմբում (սա առանձին քննարկման արժանի թեմա է, գուցե): Հատկանշական է, որ հականիկոլական պայքար մղող անհատներից և ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ինչ-որ պահի նիկոլական ռեպրեսիվ ուղղահայացի կամայական որոշմամբ կարող է հայտնվել այս թևի կիզակետում` «խցում», բառիս ուղիղ իմաստով` ներառյալ:
Գծապատկերի աջ հատվածը նույնպես խայտաբղետ է. խավարասերների վերածված նախկին լուսատուներ, հակառուսական կլինիկայով տառապող տարաբնույթ ծաղրածուներ, մարդկային հնագույն զբաղմունքներից մեկը քաղաքականության հետ շփոթողներ, տոհմի ազգային արյունը գաղափարական իմաստով ջուր դարձրածներ, 18-ի սպիսատ արած մերժիստներ և այլն:
Սակայն այս նիկոլամերձ табор-ը նույնպես հնարավոր է դասակարգել՝ ըստ իրենց ֆունկցիաների երեք խմբերի:
Առաջին խումբն ամենաստորինն է` իշխանական կեղտերը մաքրող էժան աշխատուժը` «սանիտարներ», որոնց դեմքերը կարող ենք տեսնել ամեն անգամ, երբ Նիկոլի քարոզչական փորլուծության հետևանքով առաջացած արտաթորանքը գրպանային ԶԼՄ-ներով լղոզելու խնդիր է դրվում:
Երկրորդ խումբն իշխանության հետ անկանոն հարաբերությունների մեջ մտնող և դրանից օգտվող «օպորտունիստներն» են, որոնք պարբերաբար մատուցվող իրենց ծառայությունների դիմաց Նիկոլից ստանում են տենդերներ, ծրարներ, արտոնություններ, պաշտոններ` մերձավորներին:
Երրորդ խումբը փաստացի ՔՊ-ի հետ քաղաքական արհավիրքն ուղղակիորեն և ամբողջությամբ կիսող, նրանց հետ փաստացի սերտաճած խմբերն են, որոնք էլ հենց զբաղեցնում են նիկոլալեզների «բարձրագույն» դիրքը` «աղիքը», և որոնց, ի տարբերություն նախորդ երկու խմբերի, թույլատրված է տեղ զբաղեցնել Նիկոլի քաղաքական համակարգի գալարներում:
Եթե «սանիտարների» գործն այդ համակարգի տեղեկատվական բացվածքներից ծորացող արտանետվածքն է, իսկ «օպորտունիստները» գործարքային հիմունքներով Նիկոլից ռեսուրսներ են ծծում, ապա հենց երրորդ խումբն է այն ընտրյալները, որոնց թույլատրված է ծվարել փաշինյանական համակարգի լորձոտ խյուսախառը, բայց տաքուկ գալարներում:
Սակայն անգամ տարրական բարոյականությունը, մինիմալ կրթությունը և մակերեսային դաստիարակությունը բավարար են` հասկանալու համար, որ, այո, «աղիքում» տաք է, բայց գարշելի, կուշտ է, բայց անբարո, ապահով է, բայց` ժամանակավոր: Իսկ «խցում», մեկ է, ազատ ես, քանզի միտքը բանտարկել չեն կարող, խիղճն ազատազրկել չեն կարող, գիտելիքը նստացնել չեն կարող, ոգին կողպել չեն կարող, կամքը կալանավորել չեն կարող, սերը շղթայել չեն կարող:
Ճիճվաթափություն լինելու է:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ,
«Նուբարաշեն» ՔԿՀ
03.07.2023թ.»