▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խառնակչությունը, հանրային պառակտումը ՔՊ-ական իշխանության գրեթե միակ ձեռքբերումն է․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«2018-ից առաջ էլ մեր հանրությունը շատ համերաշխ ու միասնական չէր, բայց այն, ինչ կատարվեց 18-ից հետո, մեր ազգի միասնականության հարցում քարը քարի վրա չթողեց: Նախկիններին մերժելու եւ հին կարգերը նորով փոխարինելու անվան տակ նախ հանրությանը բաժանեցին սեւերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների: Նրանց թվաց` գտել են հավերժ իշխելու, բոլոր իրենց սխալներն արդարացնելու ձեւը` կերտում ես հավերժ թշնամու, մեղավորի կերպար, եւ քո մեղքն արդեն չեզոքանում է: Ոչինչ, որ հանրությունը դրանից պառակտվում է, բզիկ-բզիկ լինում, ոչինչ, որ թշնամանք ու ատելություն ես գեներացնում հանրային որոշ խմբերի նկատմամբ: Իսկ հետո արդեն պառակտելն ու թշնամանք հրահրելը դարձան նորմա. արդարադատությունը կաղում է` մեղավորը վնգստացող դատավորներն են, արտաքին ֆրոնտում անհաջողություններ կան` կոշիկ լիզող դիվանագետներն են պատճառը, կրթությունը լավը չէ` տգետ ուսուցիչների մեղքն է, Արցախը հանձնողն արցախցիներն էին, բանակը քանդողը` զինվորականները եւ այլն: Իսկ մատից ծծած` հետո կարճվող քրեական գործերով, ապօրինի գույքի մասին հնչեղ հայտարարություններով հանրությանն ավելի պառակտեցին, ատելությունը խորացրին: Եւ պրոցեսն այլեւս հնարավոր չեղավ կանգնեցնել. Հայաստան-Սփյուռք, Երեւան-մարզեր, հարուստներ-աղքատներ անտագոնիզմը խորացավ մինչեւ ամենափոքր միավոր` չմնաց գեթ մեկ ընտանիք, որտեղ մարդիկ համերաշխ են ու համակարծիք: Գեթ մեկ ոլորտ, համակարգ, կառույց, որը մեկ ուրիշ ոլորտի, համակարգի, կառույցի հետ տարաձայնություններ չունի: Եւ պառակտումը հասավ կատաստրոֆիկ չափերի` առաջին հայացքից ընդհանուր շահեր ունեցողներն են արդեն կոնֆլիկտի մեջ. հարուստները կռվում են այլ հարուստների հետ, աղքատները` պակաս աղքատների, վարորդներն` ուղեւորների, 100 դրամի կողմնակիցները 150-ի կողմնակիցների, պետական ծառայողները` մասնավորում աշխատողների, աշխատողները` գործազուրկների: Հայը` հայի հետ: Եւ այս մեծ խառնակչությունը, հանրային պառակտումը ՔՊ-ական իշխանության գրեթե միակ ձեռքբերումն է 7 տարվա կառավարման ընթացքում: Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրական Հայաստանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին