▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանգարողը միայն Գագիկ Ծառուկյա՞նն էր.«Հրապարակ»

«Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի նկատմամբ անգամ շատ դրական տրամադրված անձինք այս օրերին հարցեր են բարձրացնում, որոնց պատասխանները ոչ ոք չունի: Եթե ընդամենը դասակարգենք այդ հարցերը, փորձելով զերծ մնալ ավելորդ էմոցիաներից ու գնահատականներից, ապա այսպիսի պատկեր կստացվի:

1. Քաղաքական զտման պրոցեսը շարունակվելո՞ւ է, թե՞ ազնիվ ու բարձրորակ քաղաքական կյանքին մեզանում խանգարողը միայն Գագիկ Ծառուկյանն էր, իսկ մյուս կուսակցությունների ղեկին կարող են շարունակել մնալ նրանք, ովքեր «Վարդանանքը» չեն կարդացել և հռետորական բարձր արվեստին չեն տիրապետում:

2. ՀՀԿ և մյուս օլիգարխները նույնպե՞ս հեռացվելու են օրենսդիր և գործադիր իշխանությունից, և, ընդհանրապես՝ իշխանության թևերը տարանջատելու, բիզնեսն իշխանությունից զատելու գործընթացները շարունակվելո՞ւ են, թե՞ ոչ:

3. Աժ պատգամավորների բացակայությունների հարցը քննարկվելո՞ւ է այսուհետ ևս, թե՞ անհարգելի են միայն իշխանությանն անհնազանդություն ցուցաբերած պատգամավորների բացակայությունները, իսկ մյուսները կարող են խորհրդարան չգնալ, օրենքների մշակմանը չմասնակցել, ելույթ չունենալ, հարցեր չտալ, բայց շարունակել տնօրինել մանդատները:

4. Ոչ կոռեկտ պահվածքը, քաղաքական հակառակորդներին վիրավորելը, նրանց մականունները, կենսագրության մութ էջերը հիշելն այսուհետ դառնալու են մեր քաղաքական գործիչների շփումներում ընդունված նո՞րմ, թե՞ այդ «պրիյոմները» կիրառվելու են միայն նրանց նկատմամբ, ում իշխանությունն ուզում է դուրս մղել քաղաքականությունից:

5. Սահմանադրական փոփոխությունների թեման այլևս դառնալու է տաբու, և ցանկացած անձ, որ կհամարձակվի դեմ արտահայտվել, պատժվելո՞ւ է, թե պատժվելու են միայն նրանք, ովքեր կփորձեն տապալել սահմանադրական հանրաքվեն»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին