Անկարայից թուրք փաստաբան Մելիհ Աքքուրթը դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չեղյալ համարելու հայցով:
«Գերմանական սահմանադրական արդարադատության համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինը բարձր ընդունելության շեմ է նախատեսում համապատասխան դիմումների համար և հաջողության հասնել ցանկացող անձն առնվազն պետք է հիմնավորի, որ այդ փաստաթուղթը խախտել է Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներից մեկը և պնդի, որ փաստաթուղթն այդ առումով չի համապատասխանում Գերմանիայի հիմնական օրենքին և պետք է վերանայվի: Այս պարագայում մենք չունենք նման խնդիր, որովհետև բանաձևը խորհրադարանական է, այն չի կարող ներգործություն ունենալ անձի նկատմամբ, խախտել նրա իրավունքները»,-խոսելով հայցի հարուցման դատական հեռանկարների մասին՝ ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:
Անդրադառնալով Գերմանիայի պատասխանատվությանը՝ փորձագետը նկատեց.
«Բանաձևում ավելի շատ խոսվում է Գերմանիայի անգործության, Հայոց ցեղասպանությունը չկանխելու, ոչ թե մեղսակցության մասին: Շատ վտանգավոր եմ համարում այն հանգամանքը, որ հիմնական սլաքը Թուրքիայից Գերմանիա է ուղղվում»:
Անի Կարապետյան